Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր ընդունում է Հյուսիսային Մակեդոնիայի թիմին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր ընդունում է Հյուսիսային Մակեդոնիայի թիմին

Այսօր երեկոյան, ժամը 21-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կմեկնարկի Հայաստան- Հյուսիսային Մակեդոնիա ֆուտբոլային հանդիպումը։

Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում այս թիմերը կմրցեն երկրորդ անգամ, առաջին հանդիպմանը ոչ-ոքի էին խաղացել։ Ընտրանիները հավաքած 12-ական միավորով այժմ կիսում են J խմբի երրորդ ու չորրորդ տեղերը։

Խմբից դուրս գալու և արդեն հաջորդ փուլում շարունակելու հնարավորություն կստանան որակավորման խմբերի առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած թիմերը։ J խմբում առաջին տեղն արդեն ապահովել է Գերմանիան, երկրորդն այժմ 13 միավորով Ռումինիան է, Հայաստանի հավաքականը մեկնարկային երեք հաղթանակներին հաջորդած խաղերից և ոչ մեկում չհաղթելով գործնականում զրկվել է հաջորդ փուլ դուրս գալու շանսերից, ընտրանուն այժմ անհրաժեշտ է և՛ հաղթել, և՛ հույս ունենալ , որ Ռումինիան վերջին խաղերում միավորներ կկորցնի։ Իսկ Ռումինիան վերջին երկու տուրերում խաղալու է նախավերջին տեղը զբաղեցնող Իսլանդիայի ու խմբի ակնհայտ հետնապահ Լիխտենշտեյնի հետ։

Հայաստանի հավաքականը, մինչդեռ, մրցաշարը եզրափակելու է Գերմանիային ընդունելով, այս թիմերի առաջին խաղն ավարտվել էր գերմանացիների 6։0 հաշվով ջախջախիչ հաղթանակով։

«Քանի դեռ ուղեգիր նվաճելու տեսական հնարավարություններ կան, պայքարելու ենք», - երեկ կայացած նախախաղային ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։ - «Կփորձենք հնարավորինս լավ հանդես գալ, իհարկե բարդ է ուղեգիր նվաճելը, բայց քանի դեռ տեսական հնարավորություններ կան, պայքարելու ենք մինչև վերջ»։

Հայաստանի հավաքանի նախորդ խաղերին չէր հրավիրվել արգենտինահայ ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկոն, պաշտոնական պարզաբանմամբ՝ պատճառը կորոնավիրուսային սահմանափակումներն էին, այս անգամ ֆուտբոլիստը հրավիրվածների շարքում է։ Արդեն Երևանում է նաև ամերիկյան առաջնությունում հանդես եկող արգենտինահայ մեկ այլ ֆուտբոլիստ՝ Լուկաս Սելարայանը, որին երկրպագուները մեծ շուքով նախօրեին օդանավակայանում դիմավորեցին։ Որակազրկման պատճառով երեկոյան կայանալիք խաղում Հայաստանի հավաքականին օգնել չեն կարողանա մի շարք առանցքային ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Վարազդատ Հարոյանը, Սարգիս Ադամյանը, Էդուարդ Սպերցյանը։
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում