Մերձավան համայնքին պատճառվել է շուրջ 8մլն ՀՀ դրամ գումարի վնաս. մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Մերձավան համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
2021թ. հուլիսի 18-ին քաղաքացուց դիմում է ստացվել այն մասին, որ Մերձավան համայնքի ղեկավարը համայնքի բնակիչներ չհանդիսացող մի խումբ անձանց, այդ թվում՝անչափահասների, տրամադրել է Մերձավանի տարածքում անհատույց հողամասեր ստանալու վերաբերյալ կեղծ քաղվածքներ:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 325-րդ հոդվածի 1-ին մասերով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին և ընդունվել վարույթ:
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողություններով պարզվել է, որ Մերձավան համայնքի ղեկավարը, 1996 թվականից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, 2007-2008թթ. ընթացքում կեղծ քաղվածքներ է տրամադրել այն մասին, որ Էջմիածնի շրջանային սովետի գործկոմի 29.09.1990թ. որոշմամբ՝ համայնքի բնակիչներ չհանդիսացող անձինք ստացել են տարբեր չափերի տնամերձ հողամասեր, որոնց հիման վրա վերջիններս ՀՀ կադաստրի կոմիտեում հիշատակված հողամասերի նկատմամբ գրանցել են իրենց իրավունքներն ու ստացել համապատասխան սեփականության վկայականներ՝ այդ կերպ համայնքին պատճառելով, նախնական տվյալներով, 8.613.000 ՀՀ դրամ գումարի վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ իրականում Էջմիածնի շրջանային սովետի գործկոմի նման որոշում գոյություն չունի, ըստ համայնքի սեփականությունից օգտված անձանց վերաբերյալ գոյություն ունեցող արձանագրության՝ վերոհիշյալ քաղաքացիների անվամբ հողհատկացումներ չեն իրականացվել, իսկ 2006-2010թթ. համայնքային գրքերի զննությամբ հաստատվել է, որ հիշյալ քաղաքացիները նույն համայնքում որպես առանձին ծուխ երբևէ հաշվառված չեն եղել և նրանց անուններով տվյալ մատյաններում որևէ տեղեկատվություն առկա չէ:
Վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու, վերոհիշյալ քրեական գործին միացնելու և համատեղ նախաքննություն կատարելու վերաբերյալ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Մերձավան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ քննչական կոմիտե
Կարծիքներ