Երևանում պայթյուն է տեղի ունեցել մեքենայի մեջ. կա 1 զոհ, 1 վիրավոր, որոնք անցնում էին տարբեր քրեական գործերով

Երևանում պայթյուն է տեղի ունեցել մեքենայի մեջ. կա 1 զոհ, 1 վիրավոր, որոնք անցնում էին տարբեր քրեական գործերով

Այսօր՝ փետրվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 00:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ թաղամասում պայթյուն է  տեղի ունեցել և կան վիրավորներ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել իրավապահները:

Պարզվել է, որ նշված վայրից «պայթյունաբեկորային բազմաօրգան վիրավորում» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի:

Պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևանի բնակիչ 48-ամյա Կարեն Գ.-ն և Լոռու մարզի բնակիչ 36-ամյա Միխայել Մ.-ն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան ժամը 00:10-ի սահմաններում երթևեկել է Թևոսյան փողոցով, ապա ավտոմեքենան կայանել է նշված փողոցի 4-րդ հասցեի մոտ, որից րոպեներ անց մեքենայի սրահում դեռևս անհայտ հանգամանքներում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով Կարեն Գ.-ն և Միխայել Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ այսօր՝ ժամը 06:10-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ վիրավոր Կարեն Գ.-ն վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի փաստով, սպանության փորձի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Mitsubishi ավտոմեքենայի մեջ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր, պայթյունի  հատված, ինչպես նաև նռնակի պարագա, որը հավաբար պայթյունի հետևանքով է մնացել ավտոմեքենայում:

Ավտոմեքենայից դուրս նույնպես հայտնաբերվել են արնանման հետքեր:

Կայքի տեղեկություններով՝ վիրավոր Միխայել Մ.-ն նախկինում եղել է դատապարտված, Կարեն Գ.-ն ևս մեկ այլ քրեական գործով է անցել (սպանության սպառնալիք):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում