Անհայտ կորած քաղաքացիական անձինք կան․ Արտակ Բեգլարյան
Առ այսօր արձանագրել ենք առնվազն 37 քաղաքացիական զոհ և առնվազն 118 քաղաքացիական վիրավոր, որոնցից մեկը գիշերն է արձանագրվել Ավետարանոց գյուղում ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Արցախօ Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
«Մեր նախնական վերլուծությամբ 10․500-ի մոտ մասնավոր սեփականություն՝ բնակարան, տուն, խանութ, վնասվել է կամ ամբողջությամբ ոչնչացվել։ 1․500-ից ավելի ենթակառուցվածքային միավոր է վնասվել կամ ոչնչացվել, նաև հանրային ու արտադրական օբյեկտներ, և 1․100-ից ավելի շարժական գույք է վնասվել, մասնավորապես մեքենա»,- նշեց նա։
Բեգլարյանն ընդգծեց, որ, հաշվի առնելով Հադրութի դեպքը՝ երկու քաղաքացիական անձանց սպանությունը, որի վերաբերյալ տեսանյութը հրապարակվեց ադրբեջանական սոցիալական մեդիայում, ռիսկը մեծ է, որ կարող են այլ դեպքեր էլ լինել, որովհետև, մեր տեղեկություններով, անհայտ կորած քաղաքացիական անձինք կան այդ բնակավայրերից։
«Հաշվի առնելով նաև այն ձեռագիրը, որ կիրառվում է ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից՝ վտանգը բավական մեծ է, որ այդ քաղաքացիական անձինք զոհվել են կամ ենթարկվել են խոշտանգումների կամ այլ ռազմական հանցագործությունների»,- ասաց նա։
ԱՀ ՄԻՊ-ը նաև հայտնեց, որ Ադրբեջանը շարունակաբար հրթիռակոծել, հրետակոծել է կամ ավիացիոն ռումբերով ռմբակոծել է բազմաթիվ բնակավայրեր։
«Հիմնականում կանոնավոր և խիտ կերպով թիրախավորվել են Մարտունի, Մարտակերտ քաղաքները և նրանց հարակից բնակավայրերը, ինչպես նաև Հադրութի շրջանի որոշ բնակավայրեր։ Նաև որոշակի պարբերականությամբ Ստեփանակերտն է հրետակոծության ենթարկվում։ Ըստ մեր վերլուծությունների՝ երեկ նրանք կիրառել են Պոլոնեզ տիպի հրթիռներ»,- նշեց մարդու իրավունքների պաշտպանը՝ հավելելով, որ երեկ թիրախավորել են բացառապես քաղաքացիական օբյեկտներ, ներառյալ բնակելի հատվածներ, ենթակառուցվածքային միավորներ և արտադրական նշանակության օբյեկտներ։
«Ակնհայտ է, որ այդ հարձակումը դիտավորյալ էր, թիրախային էր և ամբողջությամբ որակվում է որպես պատերազմական հանցագործություն Ժնևյան կոնվենցիաներով։ Բարեբախտաբար, վիրավորներ, զոհեր չեն արձանագրվել, բայց նյութական շատ վնասներ են արձանագրվել»,- ընդգծեց Արտակ Բեգլարյանը։
Կարծիքներ