Կա լոկալ ճայթյունների, մնացած նյութերի հնարավոր բռնկումների հավանականություն, բայց վտանգ չկա. Դավիթ Համբարյան

Կա լոկալ ճայթյունների, մնացած նյութերի հնարավոր բռնկումների հավանականություն, բայց վտանգ չկա. Դավիթ Համբարյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը մանրամասներ  է ներկայացրել «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում պայթյունից հետո տեղի ունեցող աշխատանքների վերաբերյալ: Լրագրողների հետ զրույցում Համբարյանը հայտնել է, որ փլատակների տակ դեռևս կրակի օջախներ կան, ինչի մասին է վկայում ծխի առկայությունը: Նրա խոսքով՝ նման օջախներ կան նաև բարձր հարկերում, որոնք կարող են նորից բռնկվել, եթե չարվեն հովացման աշխատանքներ:

Հարցին, թե որքան կտևեն աշխատանքներն առևտրի կենտրոնի տարածքում, ԱԻ նախարարի տեղակալը նշեց, որ կխուսափի ժամկետ նշել: «Մինչև ամբողջական բոլոր օջախները չհովացվեն, մենք չենք կարող խոսել դրա մասին: Դեռևս բավական ժամանակ կտևի դա:  Մեծ աշխատանք կա տանելու նաև փլատակների մաքրման  և որոնողափրկարարական աշխատանքների ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

Նա հայտնեց, որ 158 փրկարար է ներգրավված աշխատանքներում: Օգոստոսի 14-ի երեկոյան և 15-ի գիշերն աշխատանքներին մասնակցել են նաև կամավորներ: Համբարյանն ընդգծեց, որ կամավորները ցուցակագրված են, բազան կա, անհրաժեշտության դեպքում կդիմեն նրանց օգնությանը:

Նախարարի տեղակալ հավաստիացրեց, որ պայթյունին ԱԻՆ-ի արձագանքը եղել է շատ արագ, ռեսուրսների խնդիր չի եղել: «Մասնավորապես, անհրաժեշտություն եղել է վերամբարձ կռունկների, բեռնատարների, տրակտորների, որը Երևանի քաղաքապետարանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և այլ կառույցների մեր գործընկերների հետ համատեղ ջանքերով շատ արագ լուծվել է, տեխնիկայի խնդիր բացարձակապես չի եղել: Ներգրավվել են նաև Երևանի քաղաքապետարանի ջրատար մեքենաները»,-մանրամասնեց Համբարյանը:

Հարցին, արդյոք պայթյունի պատճառը հրավտանգ նյութերն են, Համբարյանը պատասխանեց. «Միայն մասնագիտական հետաքննությունը կտա դրա պատասխանը, այս պահին զերծ մնանք որևէ գնահատական տալուց: Ընդամենը անզեն աչքով տեսնում ենք, որ հատկապես պայթուցիկները կարող են պայթյունի կամ հարվածային ալիքի պատճառներից մեկը լինել կամ հիմնականը. դրա պատասխանը հետաքննություն կտա: Այսօր առավոտյան դեռ ճայթյուններ լինում են տարբեր հատվածներում, ինչը խոսում է այդ նյութի սփռված լինելու մասին»:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում