Հայաստանում անասնաբույժի մասնագիտությունը դառնալու՛ է գրավիչ
Անասնաբույժի միջազգային օրն ընդունվել է Համաշխարհային անասնաբուժական ասոցիացիայի կողմից 2000 թվականին: Տոնը նշվում է ամեն տարի՝ ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը:
Հայաստանում առաջին անգամ այս տոնը պետական նախաձեռնությամբ ու աջակցությամբ նշվել է 2019 թվականին և միտում ունի դառանլու պարբերական:
Այս տարի Անասնաբույժի միջազգային օրը Հայաստանում նշվում է ապրիլի 23-ին: Նախաձեռնությունը, ինչպես և նախորդիվ, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնինն է՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնակցությամբ և «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ: ՌԶԳ ՀԿ-ի հետ համագործակցությունն իրականացվում է այդ կազմակերպության կողմից Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում։
Տոնին ընդառաջ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ու Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպումներ են անցկացրել մարզային անասնաբույժների հետ, լսել նրանց մտահոգությունները, ներկայացրել ոլորտում տեղի ունեցած և սպասվող փոփոխությունները, պատասխանել մտահոգող հարցերին:
Անցնող երեք տարիների ընթացքում աստիճանաբար բարձրացվել է պետական միջոցառումներ շրջանակներում անասնաբույժներին տրվող վարձավճարի չափը՝ մեկ կենդանու պատվաստման համար 100 դրամից հասցվելով 170-ի:
Մասնավոր անասնաբուժությունն առաջիկայում կլիցենզավորվի. պետության հետ կնքած պայմանագրի շրջանակից դուրս ծառայություններ մատուցելու իրավունք կստանան միայն այն անասնաբույժները, որոնք կունենան համապատասխան լիցենզիա:
Երկրում անասնաբուծության զարգացմանը զուգահեռ աճել է մասնագիտական բարձր կարողություններ ունեցող անասնաբույժների պահանջարկը, որը լրացնելու առումով լուրջ ձեռքբերում ունի Հայաստանի ազգային ագրարային համալսարանը: Այստեղ բացվել է գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման մուլյաժներով կահավորված լսարան` ծննդագիտության դասընթացները բարձր մակարդակով անցկացնելու համար։ Մուլյաժները պատրաստված են հաշվի առնելով կենդանիների անատոմիական առանձնահատկությունները:
Վերապատրաստումներ են անցել սպանդանոցները սպասարկող գրեթե բոլոր անասնաբույժները:
Այսօր՝ ապրիլի 23-ին, «Բնության ազգային թանգարանում» անցկացվել է միջոցառում՝ նվիրված Անասնաբույժի միջազգային օրվան: Ոլորտի պետական և հասարակական սեկտորի երախտավորներին՝ անասնաբուժության զարգացման ու արդիականացման գործում նշանակալի ներդրման, կրթական համակարգի զարգացման, ոլորտում երկարամյա գործունեության և նվիրված աշխատանքի համար, շնորհակալագրեր է հանձնել ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Նա շնորհակալագիր է հանձնել նաև «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» հասարակական կազմակերպությանը՝ Հայաստանի անասնաբուժության ու անասնաբուծության ոլորտին նշանակալի աջակցության համար:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանին՝ Անասնաբուժության քաղաքականության մշակման գործընթացում ունեցած ավանդի, և Գեորգի Ավետիսյանին՝ Անասնաբուժություն մասնագիտության հանրայնացման ու արժևորման գործում նշանակալի ներդրման համար, շնորհակալագրեր է հանձնել «Անասնաբույժների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը:
Կարծիքներ