Թուրքիան հայտարարություն է արել Հայաստան-Ադրբեջան սահմանային բախումների վերաբերյալ

Թուրքիան հայտարարություն է արել Հայաստան-Ադրբեջան սահմանային բախումների վերաբերյալ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանային բախումներին։  Հայտարարությամբ հանդես եկած Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատության թիրախ է դարձրել ՀՀ զինված ուժերի գործողությունները՝ որակելով դրանք «ագրեսիվ ազգայնամոլական գաղափարների նոր դրսևորումներ». գրում է ermenihaber-ը: Պաշտոնական Անկարան ցավակցություն է հայտնել «բարեկամ և եղբայր» Ադրբեջանի ժողովրդինու կառավարությանն ադրբեջանական բանակի կորուստների կապակցությամբ և շուտափույթ ապաքինում է մաղթել վիրավորներին։ Տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Հայաստանն իբր ցանկանում է  միջազգային հանրության ուշադրությունը շեղել «Ադրբեջանի տարածք ԼՂ-ի և շրջակա տարածքների ապօրինի բռնազավթումից» և հակամարտությանն ավելացնելով նոր չափորոշիչներ արգելափակել հիմնախնդրի քաղաքական լուծումը։ «Հայկական կողմը պետք է հրաժարվի նմանատիպ վտանգավոր մարտավարությունից, պետք է ընտրի ողջախոհությունը և իրավական ճանապարհը։ Սեփական կարողությունները գերազանցող նպատակների համար արկածախնդրության դիմելը ցույց է տալիս, որ Հայաստանը հանդիսանում է ամենամեծ խոչընդոտը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության համար։ Թուրքիան շարունակելու է իր բոլոր հնարավորություններով լինել Ադրբեջանի կողքին տարածքային ամբողջականությունը պահպանելու նրա պայքարում»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ հւլիսի 12-ին՝ 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ։ Նշենք. որ հուլիսի 10-ին Հայաստանի անվտանգության խորհուրդը հրապարակել էր ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը, որի մեջ նշվում էր, որ «Թուրքիան կդադարի անվտանգության սպառնալիք լինել ՀՀ համար, երբ վերանայի Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իր ոչ բարիդրացիական քաղաքականությունը»:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում