Իսկության մասով կասկած չկա, ադրբեջանական ԶՈՒ բնորոշ ձեռագիր է. ՊՆ մամուլի քարտուղարը՝ գերիներին գնդակահարելու տեսանյութի մասին
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան մեկնաբանել է ադրբեջանական «Տելեգրամ»-ի ալիքներում տարածված տեսանյութը, որում ենթադրաբար ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում են հայ գերիների:
ՊՆ մամուլի քարտուղարը նշել է. «Տեղանքի և ժամանակագրության վերաբերյալ այս պահին որևէ հստակ տվյալ հայտնել չենք կարող, այժմ համապատասխան մարմիններն ուսումնասիրում են տեսանյութը:
Իսկության մասով, կարծում ենք, որևէ կասկած չկա, ադրբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է։ Այդ ձեռագիրը մեզ և միջազգային հանրությանը հայտնի է նախորդիվ տեղի ունեցած նույնանման դեպքերի վերաբերյալ անհերքելի ապացույցներից»:
Նշենք՝ համացանցում տեսանյութ է տարածվել, որը, ըստ ֆեյսբուքյան օգտատերերի, ամենայն հավանականությամբ արվել է Ադրբեջանի՝ վերջին հրահրած ագրեսիայի ժամանակ: Տեսանյութում նկատելի է, որ ադրբեջանական ԶՈՒ-ի զինծառայողները գնդակահարում են գերեվարված հայ զինծառայողներին: Տեղեկությունները խիստ նախնական են և չճշտված: Հաշվի առնելով տեսանյութում առկա գերզգայուն կադրերը՝ այն չենք հրապարակում:
Հիշեցնենք, որ տեսանյութին անդրադարձել էր նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ այն անվանելով ռազմական հանցագործություն:
Կարծիքներ