Արցախի ԱԳՆ-ն դատապարտել է ադրբեջանցի զինվորականների կողմից Ճարտարի բնակչի սպանությունը

Արցախի ԱԳՆ-ն դատապարտել է ադրբեջանցի զինվորականների կողմից Ճարտարի բնակչի սպանությունը

Արցախի արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 3-ին Արցախի Մարտունու շրջանի Ճարտարի բնակիչ, 1956 թ. ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանը, զբաղվելով անասնապահությամբ, մոլորվելու հետևանքով գերեվարվել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից և սպանվել։

 

«Նման ահաբեկչական, բարբարոսական արարքը Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյաց և ցեղասպան քաղաքականության դրսևորում է և իրականացվել է Ադրբեջանի բարձրագույն իշխանության ցուցումների ներքո։ Դրա ապացույցներից է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած կեղծ հաղորդագրությունը, որում արդարացվում է Ադրբեջանի զինված ուժերի ահաբեկչական գործողությունը։

 

Պաշտոնական Բաքվի նման պահվածքը միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է, անհարգալից վերաբերմունք ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների նկատմամբ և նպատակ ունի ահաբեկել Արցախի բնակչությանը, ստիպել նրան լքել հայրենիքը։

 

Նման քաղաքականությունը նաև բիրտ հարված է Ռուսաստանի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությանը։

 

Արցախի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը, կոչ անում միջազգային հանրությանը՝ համարժեք գնահատական տալ Ադրբեջանի սանձարձակ գործողություններին։

 

Արտաքին գործերի նախարարությունը հորդորում է Արցախի բնակչությանը չտրվել սադրանքների և ևս մեկ անգամ հայտարարում, որ Արցախը եղել է, կա և կմնա հայկական. ոչինչ չի կարող խարխլել մեր կամքն ու հայրենիքում ապրելու հաստատակամությունը»,- ասված է Արցախի ԱԳՆ հայտարարության տեքստում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում