Սաակաշվիլիի ուկրաինացի ընկերուհին հայտնել է, որ քաղաքական գործիչը շարունակում է հացադուլը և գտնվում է շատ վատ վիճակում
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շարունակում է հացադուլը և գտնվում է շատ վատ վիճակում։ Այս մասին հայտարարել է նրա ընկերուհին՝ Գերագույն ռադայի պատգամավոր Ելիզավետա Յասկոն, փոխանցում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն:
Նրա խոսքով՝ Սաակաշվիլին կդադարի հրաժարվել սննդից միայն այն դեպքում, եթե նրան տեղափոխեն «նորմալ բժշկական սարքավորումներով» մասնավոր կլինիկա, որտեղ բժիշկները կարող են հոգ տանել նրա առողջության մասին։
Յասկոն նաև նշել է, որ նախկին նախագահը գտնվում է «հոգեբանական տեռորի» մեջ, քանի որ հիվանդանոցում բանտարկյալները պարբերաբար հայհոյանքներ են հնչեցնում նրա հասցեին։
Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Միաժամանակ, Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան հայտարարել էր, որ ձերբակալությունից հետո նա հացադուլ էր սկսել, քանի որ համաձայն չէ առաջադրված մեղադրանքների հետ և իրեն համարում է քաղբանտարկյալ: Վրաստանում Սաակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում: Նախկին նախագահը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի համար: Առաջին դեպքում նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեցի: Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերում: Դրանք դեռ դատարանում են:
Կարծիքներ