Սպիտակում տեղի է ունեցել հրդեհի բռնկմամբ ՃՏՊ․ կան տուժածներ
Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 16-ին, ժամը 17։44-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Սպիտակ քաղաքի Երևանյան խճուղու թիվ 1 հասցեի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz Sprinter» (վարորդ՝ Ռ․ Մ․, ծնված 1964 թ․) և «Kia Sorento» (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 2003 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Ս․ Կ․-ն, Ա․ Տ․-ն (ծնված 1969 թ․) և «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևոր Հ․ Թ․-ն (ծնված 2005 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Սպիտակ քաղաքի ԲԿ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել են ավտոմեքենայի շարժիչի խցիկը և սրահը՝ մասամբ։
Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենան, իրականացրել բենզաբաքի հովացման աշխատանքներ և փակել «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։
Կարծիքներ