Proud Boys ուլտրաաջ կազմակերպության 4 առաջնորդների մեղադրանք է առաջադրվել Կապիտոլիումի գրոհի հետ կապված
Դաշնային մեծ ժյուրին Proud Boys ուլտրաաջ կազմակերպության 4 առաջնորդների Կոնգրեսը արգելափակելու նպատակով դավադրության մեղադրանք է առաջադրել՝ Կապիտոլիումի մահացու գրոհի օրը կանխելու համար ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հաղթանակի հաստատումը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով գաղտնազերծված փաստաթղթերը:
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Վաշինգտոնից Իթան Նորդինը, Ֆլորիդայից Ջոզեֆ Բիգսը, Փենսիլվանիայից Զաքարի Ռեյչլը եւ Հյուսիսային Կարոլինայից Չարլզ Դոնոհոն դավադրություն են կազմակերպել՝ խմբի անդամներին դրդելու հունվարի 6-ին Վաշինգտոնում մասնակցելու «Դադարեցնենք գողությունը» բողոքի ցույցին:
Նշվում է, որ չորս ամբաստանյալները, որոնց մեղադրական եզրակացությունները հրապարակվել են ուրբաթ, իրենց նահանգներում Proud Boys-ի ղեկավարներն են կամ կազմակերպիչները:
Նշվում է, որ նրանք աշխատել են ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակման ժամանակ օգտագործված ռազմականացված սարքավորումները ձեռք բերելու ուղղությամբ, ապամոնտաժել են շենքը պաշտպանելու համար տեղադրված մետաղական պատնեշները եւ հաղորդակցվել շարժական ռացիաներով ու հաղորդակցությունների փոխանցման համար գաղտնագրված հավելվածներով:
Փաստաթղթում նաեւ նշված է, որ այս աշխատանքը ներառել է քրաուդֆանդինգի առցանց արշավի շրջանակում դրամահավաք՝ Proud Boys-ին օգնելու վճարել պաշտպանական հանդերձանքի համար, ինչպես նաեւ դրամահավաքի առցանց ֆորում, որը հավաքել է ավելի քան 5500 դոլար՝ Վաշինգտոն ուղեւորությունների դիմաց վճարելու համար:
Հարձակման հետ կապված մեղադրվել է ավելի քան 300 մարդ, որի հետեւանքով 5 մարդ զոհվել է, երբ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների բազմությունը ներխուժել է շենք՝ Կոնգրեսին խանգարելու հաստատել Բայդենի հաղթանակը:
Շուրջ 20 մարդ, որոնց մինչեւ հիմա մեղադրանք է առաջադրվել, կապ ունեն Proud Boys-ի հետ, իսկ ոմանք կապ ունեին այլ հակակառավարական աշխարհազորայինների հետ, ինչպես՝ «Ուխտի պահապանները» եւ «Երեք տոկոսը»:
Մեղադրական եզրակացության մեջ նաեւ պնդում կա, որ նրանք իրենց մտադրությունները հստակ արտահայտել են դեռեւս նոյեմբերին, երբ Բիգսը նոյեմբերի 5-ին համացանցում պատերազմով էր սպառնացել, եթե ընտրությունները Թրամփից գողանան:
Նշվում է, որ նախկինում Նորդինը եւ Բիրգսը կալանավորվել են քրեական հայցերի շրջանակում:
Սակայն մարտի սկզբին արդարադատության նախարարությունը տանուլ էր տվել՝ փորձելով Նորդինին ձերբակալել մինչ դատը, դաշնային դատավորը հայտարարել էր, որ կառավարությունը չի կարողացել հիմնավորել պնդումները, որ Նորդինը եղել է հարձակման պարագլուխը:
Բիգսը կալանավորվել էր դեռեւս հունվարին եւ ազատվել 25 հազար դոլար գրավով:
Կարծիքներ