Իտալիայի իշխանությունները 32 մլրդ եվրո կհատկացնեն կորոնավիրուսի համավարակի հետեւանքների դեմ պայքարի համար
Իտալիան 32 մլրդ եվրո է հատկացնում կորոնավիրուսի համավարակի հետեւանքների դեմ պայքարի, ինչպես նաեւ սոցիալական եւ առողջապահական ոլորտներին աջակցելու համար: Կառավարության այս որոշման մասին ուրբաթ՝ մարտի 19-ին, Հռոմում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է երկրի վարչապետ Մարիո Դրագին: «Ավելի շատ փող տվեք բոլորին եւ արագ»,- այսպես է փոխանցել նրա ելույթի էությունը La Repubblica իտալական պարբերականը:
Ակնկալվում է, որ հակաճգնաժամային փաթեթից 8 մլրդ եվրո կծախսվի սոցիալական օգնության վրա: Հինգ միլիարդը նախատեսված է բնակչության պատվաստումների արշավի եւ առողջապահության ոլորտի աջակցության ֆինանսավորման համար:
Միեւնույն ժամանակ, 11 մլրդ եվրո կուղղվի COVID-19 համավարակից առավել տուժած իտալական ձեռնարկություններին աջակցելու համար: Դրանից բացի, դուրս կգրվեն հարկատուների որոշակի խմբի հարկային պարտքերը:
Մարիո Դրագին նաեւ հայտնել է, որ աշխատողներին աշխատանքից հեռացնելու արգելքը, որը պետք է լրանար արդեն մարտին, կերկարաձգվի մինչեւ հունիսի վերջ: Համավարակի պատճառով Իտալիայի տնտեսությունը ներկայումս ապրում է Երկրորդ աշխարհամարտից ի վեր ամենածանր ռեցեսիան: 2020 թվականին երկրի ՀՆԱ-ն կրճատվել է 8,9 տոկոսով, գրեթե կես միլիոն մարդ կորցրել է աշխատանքը:
Ի թիվս այլոց, Դրագին մամուլի ասուլիսում խոստացել է, որ Իտալիայում առաջինը դպրոցները կբացվեն, հենց համաճարակաբանական իրավիճակը թույլ տա, եւ հայտնել է, որ մտադիր է պատվաստվել AstraZeneca-ի պատվաստանյութով:
Միեւնույն ժամանակ, քաղաքական գործիչը հնարավոր է համարել Իտալիայում ռուսական «Sputnik V» պատվաստանյութի գրանցումը ազգային մակարդակում օգտագործելու համար, եթե տեսանելի ապագայում եվրոպական կարգավորող Դեղերի եվրոպական գործակալությունը նման որոշում չկայացնի: Ընդ որում՝ նա նշել է, որ նման դիրքորոշում ունի նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է DW-ն:
Կարծիքներ