Երևանում կայացած «Մանկական Եվրատեսիլ»-ը 33 միլիոն դիտում է ունեցել
Եվրոպական հեռարձակողների միությունն ամփոփել է դեկտեմբերի 11-ին Երևանում կայացած «Մանկական Եվրատեսիլ»-ի հեռուստատեսային և առցանց դիտումները:
Ինչպես հայտնում են Առաջին ալիքից, հոբելյանական 20-րդ մրցույթն ընդհանուր 33 միլիոն դիտում է ունեցել:
Միջինում, բոլոր հեռուստադիտողների 12,8%-ը դիտել է Հայաստանի Հանրային հեռուստատեսության կողմից կազմակերպված մրցույթը, ընդ որում, մասնակից հեռարձակողների մեծամասնությունը 2021 թվականի թողարկման համեմատ լսարանի աճ է արձանագրել:
4-14 տարեկան երեխաները հեռուտադիտողի 18,5%-ն են կազմում, ինչն ավելի քան երկու անգամ գերազանցում է նախորդ տարիների միջին ցուցանիշը: Կրկնապատկվել են նաև 15-24 տարեկան հեռուստադիտողների դիտումները:
Ի դեպ, «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթը հեռուստատեսային վարկանիշով աննախադեպ է նաև Հայաստանի հեռուստատեսության պատմության մեջ:
Մրցույթի առցանց դիտումները ևս գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը. ուղիղ հեռարձակումը 2021 թվականի համեմատ 4 անգամ ավելի շատ մարդ է դիտել:
«Մանկական Եվրատեսիլ»-ի կայքը մրցույթի անցկացման օրը 2 մլն այցելություն է գրանցել: Սոցիալական հարթակներում մրցույթն արձանագրել է 2-րդ ամենալավ ցուցանիշն իր պատմության մեջ: Մանկական երգի մրցույթին առնչվող տեսանյութերը TikTok-ում ունեն 9.8 մլն, իսկ Instagram-ում՝ 7.1 մլն դիտում:
Կարծիքներ