«Նախագծի նպատակը փոքր Կենտրոնի բեռնաթափումն է». փոխքաղաքապետ
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի գլխավորությամբ անցկացվել է հանրային քննարկում։ Թեման Երևանում կայանատեղիների վարձավճարներին առնչվող նոր նախագիծն է։
Գրիգորյանը նշել է, որ գլխավոր նպատակը Կենտրոնի բեռնաթափումն է։ Հարցին՝ միջազգային փորձն ուսումնասիրվե՞լ է, փոխքաղաքապետը նշել է. «Միջազգային փորձի մաս է կազմում առհասարակ որևէ հատվածում կայանումն արգելելը, միջազգային փորձի մաս է կազմում որևէ հատվածում, օրինակ, 2 ժամից ավել, գումար չվճարելով, չկայանելը։ Երբ ասում եք՝ միջազգային փորձ, դրանից բխում են շատ ավելի խիստ կարգավորումներ»,- ասել է նա։
Գրիգորյանը նաև ներկայացրել է նախատեսված փոփոխությունների հիմնավորումները. «Սա գործադիրի կողմից առաջարկվող փոփոխություն է, որը դեռ պետք է ավագանու կողմից ընդունվի, մերժվի կամ ընդունվի որոշակի փոփոխություններով։ Մեր նպատակը բյուջեի հավաքագրումները բարձրացնելը չէ։ Այսինքն, մեկնաբանությունները, թե նպատակն ավել փող հավաքելն է, սխալ է․ նպատակը փոքր Կենտրոնի բեռնաթափումն է»,- ասել է նա։
Գրիգորյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Կենտրոնում երթևեկությունը, խցանումներն օրեցօր ավելանում են, և հասարակական տրանսպորտից աշխատանքի դժգոհությունը նաև դրա հետևանք է։
Կարծիքներ