ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը և ՆԳ նախարարությունը համագործակցությունն ընդլայնելու քննարկումներ են ունեցել
Հոկտեմբերի 5-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանին և ծրագրերի ղեկավար Լուսինե Սարգսյանին։
Այս մասին հայտնում են նախարարությունից:
Նախարարը ողջունելով հյուրերին՝ ընդգծել է հիմնադրամի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը հատկապես ընտանեկան բռնության դեմ պայքարում։ Այս համատեքստում Վահե Ղազարյանը շեշտել է նաև ՆԳՆ ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման ծառայողների հմտությունների և կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացները։
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ներկայացրել է հիմնադրամի առաքելության ոլորտներն ու պատրաստակամություն հայտնել օժանդակել ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների բարեփոխումներին։
ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը խոսել է ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների բարեփոխումների, ոլորտային օրենսդրական փոփոխությունների և միջգերատեսչական համագործակցության ամրապնդման անհրաժեշտության մասին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ծառայություններում կանանց ներգրավվածության բարձրացման, ծառայողների վերապատրաստման, «Սեյֆ յու» հավելվածի գործարկման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել արդյունավետ համագործակցությունը։
Կարծիքներ