2023-ի ամռանը Քոչարյանը գալիս է իշխանության ու «միջանցքը» տալիս ռուսներին. ֆուտուրիստական ֆելյետոն Ստյոպա Սաֆարյանից
2023 թվական, 15 հոկտեմբերի
Հայաստանում 2018-ին տեղի չի ունեցել հեղափոխություն, իսկ 2023 թվականի ամռանը ընտրություններում հաղթել է Ռոբերտ Քոչարյանի կուսակցությունը։ Հայաստանի արտաքին քաղաքական և անվտանգային օրակարգում է Ռուսաստանի միջոցով «Զանգեզուրի միջանցքի» Ադրբեջանին ու Թուրքիային տալու հարցը։ Եվ ահա, Հանրային հեռուստաընկերության արտակարգ ուղիղ եթեր է դուրս գալիս ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը և ի լուր աշխարհի հայտնում, որ այլ տարբերակ չի մնում, քան Զանգեզուրի միջանցքը տալ մեր դարավոր դաշնակից Ռուսաստանին։ Նա բոլորին հիշեցնում է անցյալի նմանատիպ գերազանց նախաձեռնությունները, որոնք տեղի են ունեցել անցյալում՝ ՀԷՑ, Գույք պարտքի դիմաց, Հայ-ռուսգազարդ, 2013-ի սեպտեմբերին Ասոցացումից հրաժարվելը և “խելացի, մտածված” ԵԱՏՄ մտնելը, ՀԱՊԿ-ին անդամակցությունը և այլն։ “Միջանցքի կառավարումը ռուսներին տալը լավագույն լուծումն է, որից, ինչպես նախորդ ձեռնարկներում, Հայաստանը միայն շահել է, սիրելի քաղաքացիներ”,-ազդարարում է նա։
“Հայլուրի” բացառիկ հաղորդման շրջանակներում հեռարձակվում է ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի մենախոսությունը. “Դեռևս 1999թ. Մեղիի տարբերակի շուրջ բանակցությունների ժամանակ մենք նպատակահարմար գտանք, որ նախկին ՀԽՍՀ Մեղրիի վարչական շրջանը պետք է փոխանակվի նախկին ԱԽՍՀ Լաչինի շրջանի հետ: Մեր հեռատեսության շնորհիվ ճանաչեցինք Ադրբեջանի ու Նախիջևանի միջև հաղորդակցական կապի կարևորությունը ու որպես բարի կամքի դրսևորում թե այդ բանակցություններում, թե 2001թ. Քիվեսթի բանակցություններում ճանաչեցինք Հայաստանի կողմից Ադրբեջանի Ղազախի շրջանի օկուպացիան: Ավելին, 2007թ. Մադրիդյան առաջարկությունների հեղինակն էլ ինքս եմ, որտեղ կրկին ամրագրեցի Ադրբեջանի ու Նախիջևանի հաղորդակցական կապի անհրաժեշտությունը: Չլիներ մեր այդ հեռատես հայանպաստ դիրքորոշումը՝ չէր լինի նաև այսօրվա հեռանկարը,”-հպարտ ազդարարում է նախարարը…
Քիչ անց եթեր դուրս կգա մեծն թյուրքագետ Վարուժան Գեղամյանը, ով ի լուր Հայոց աշխարհի կազդարարի, որ պանթյուրքիստական դավադրությունը տապալվեց նախագահ Պուտինի և վարչապետ Քոչարյանի բարեկամության, խոհեմության և հեռատեսության շնորհիվ։
Անվանի ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան իր ֆեյսբուքյան էջում կգրեր՝ սա Իլյուշիկի հերթական ֆիասկոն է, այժմ նա Մեհրիբանի յուբկայի տակ եղունգներն է կրծում։ Անդրանիկ Թևանյանը, հիշելով, որ ինքը մեծ տնտեսագետ է, օրեր անց կհրատարակի Զանգեզուրի միջանցքը և Հայաստանի տնտեսական վերելքը աշխատությունը, որը նվիրված է Ռոբերտ Քոչարյանին. “Մենք և մեր նախակեն կանխեցինք, որպեսզի Սերժ Սարգսյանը իրականություն չդարձնի «մեկ օլիգարխ, մեկ փեսա» տնտեսությունը և քիրվայություն չստեղծի Թուրքիայի հետ՝ ճանապարհ բացելով պանթուրքիզմի համար: Միջանցքը փրկված է և այն ալևս Մատուշկա Ռասիայինն է մեր նախակի ստրատեգիական լուծումների շնորհիվ, այսու՝ միջանցքի տրանզիտի փողը կգնա մեր մորը, ինչպես ատոմակայանի փողերն են գնում...»
«Իրավական ուղի» ՀԿ-ից Ռուբեն Մելիքյանը ռուսական տրիկալորից կարված ֆուտբոլկայով կարձանագրի, որ չլիներ մեծն Քոչարյանը, պանթյուրքիստական ծրագրերին խոչևնդոտելու մեծ վճռականություն և 6-անիշ ու 9-անիշ թվերով ունեցվածք ունեցող պաշտոնյաները քաղհետապնդման կենթարկվեին...
Մարգարիտա Սիմոնյանը ՌոZZիա 24 ալիքի ուղիղ եթերում գովեստի խոսքեր հնչեցրեց ռուս ժողովրդի մեծ բարեկամ Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ նշելով, որ նրա շնորհիվ է, որ Հայաստանն ի վերջո վերադառնում է Մատուշկա Ռոսիայի գիրկը, իսկ հավաքական Արևմուտքը շամպայնի խցանի նման դուրս է թռնում տարածաշրջանից՝ առանց մուտք գործելու։ Ի նշան ցնծության՝ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը ուղիղ եթերում հանել է կիմոնոն և խոստացել այն նվիրել Ռոբերտ Քոչարյանին։
Միջազգային մամուլը կգրի, որ Միջանցքի հարցի լուծումից առաջ Ռոբերտ Քոչրյանի որդի Լևոն Քոչարյանը հանրային գերակա շահով սեփականաշնորհել է միջանցքի հարակից բոլոր յուղոտ հողակտորները։
Հ․Գ․1․ Միայն թե չասեք, թե Զանգեզուրի միջանցքի թեման Ղարաբաղի 44-օրյա պատերազմի հետևանք է։ Քոչարյանը, ըստ էությանը, 2000-ականների սկզբին Մեղրին տալով քննարկում էր հենց Զանգեզուրի միցանցք տալու հարցը։ Միայն թե նաև չասեք, թե Վարդան Օսկանյանի վերջին ակտիվացումները պատահականությունների շարքից են, ու ինքը տեղյակ չէ «Տավուշի շրջանում Ադրբեջանից գրված տարածքները վերադարձնելու ու Նախիջևան-Ադրբեջան հաղորդակացական կապ ապահովելու կապակցությամբ Հայաստանի անունից իր և Ռոբերտ Քոչարյանի պատրաստակամության մասին...
Հ․Գ․2․ Իսկ եթե լուրջ, ապա Նիկոլ Փաշինյանից նրանք հենց այս են ուզում, միմիայն այս, որովհետև իրենք այդպես կանեին։
Հ․Գ․3․ Իրականում ճանապարհը միջանցքի տեսքով ռուսներին տալը կնշանակի փակել Հայաստանի ինքնիշխանության և պետականության թեման ու թյուրքական աշխարհի մեծ հաղթանակ՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով։
Ստյոպա Սաֆարյան
Կարծիքներ