Եթե առցանց չլիներ, կրկին առիթ կգտնեին բոյկոտելու. վարչապետի արձագանքը՝ որոշ լրատվամիջոցների՝ առցանց ասուլիսը բոյկոտելուն

Եթե առցանց չլիներ, կրկին առիթ կգտնեին բոյկոտելու. վարչապետի արձագանքը՝ որոշ լրատվամիջոցների՝ առցանց ասուլիսը բոյկոտելուն

Քննարկումը տարօրինակ է, երբ ասում են՝ ինչո՞ւ չեք պատասխանում լրատվամիջոցների ուղիղ հարցերին, երբ այդ հարցերը հնչում են եթերի ժամանակ:

Այսօր հրավիրած առցանց ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մի շարք լրատվամիջոցների հայտարարած բոյկոտին, որի համաձայն՝ հրաժարվել են հարցեր ուղարկել Կառավարության ղեկավարին:

Նրա խոսքով՝ ասուլիսը բոյկոտել են քաղաքական այն շրջանակներին ծառայող լրատվամիջոցները, որոնք վերջին շրջանում բոյկոտային գործողություն են ծավալել:

Վերջինիս դիտարկմամբ՝ եթե ասուլիսը չլիներ առցանց, լրատվամիջոցները կրկին առիթ կգտնեին բոյկոտելու կամ էլ հարց կհնչեցնեին, սակայն չէին ստանա իրենց ուզած պատասխանը և կրկին կբոյկոտեին:

«Այդ լրատվամիջոցների ղեկավարները խորհրդարանական ընտրություններում բոյկոտեցին ուղիղ եթերում բանավիճելու հնարավորությունը: Ես չտեսա այդ նույն լրատվամիջոցների բոյկոտը նույն քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք չեկան ու հանրության առաջ բանավեճի չմասնակցեցին: Ասուլիսը հանրության հետ շփվելու միջոց է, իսկ հիմա մենք հանրության հետ շփվում ենք»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նկատեց՝ միգուցե այդ նույն լրատվամիջոցները գային ոչ առցանց ասուլիսի և այն կաթվածահար անեին. «Օրինակ՝ գան և կրծքով փակեն ուղիղ եթերի սարքը: Իրենց ղեկավարներն էլ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանն են բոյկոտում: Հարցը տալիս են, փորձում ենք պատասխանել, դահլիճից փախչում էին»,- ասաց նա:

Երեկվանից որոշ լրատվամիջոցներ համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն՝ հրաժարվում են վարչապետին հարցեր հղել՝ պատճառաբանելով, թե՝ ուղարկված հարցերը խմբավորվում և խմբագրվում են, ինչի արդյունքում հաճախ փաստացի աղավաղվում են, որոշ հարցեր չեն հնչեցվում։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ երկրի ղեկավարի՝ նման ձևաչափով շփումը լրատվամիջոցների հետ խտրական է, ոչ արդյունավետ և հակասում է ժողովրդավարության առանցքային՝ թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին, ուստի hորդորում են վարչապետ Փաշինյանին վերադառնալ լրատվամիջոցների հետ ազատ շփման պրակտիկային:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում