Ավարտվել է ռուս խաղաղապահների նորանշանակ հրամանատարի հետ Արցախի իշխանությունների հանդիպումը,հրամանատարը առաջիկա օրերին հանդիպումներ է ունենալու ադրբեջանական կողմի հետ
Քիչ առաջ ավարտվեց ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում նորանշանակ հրամանատարի հետ հանդիպումը: Հանդիպմանը արցախյան կողմից մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահը, պետական նախարարը, ներքին գործերի ու պաշտպանության նախարարները: Մեր կողմից վերահաստատվել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ Արցախի Հանրապետության դիրքորոշումը: Այս մասին գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
«Իսկ մեր դիրքորոշումը հետևյալն է.
Իրավիճակի կարգավորումը պետք է հիմնված լինի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա, իսկ այդ հայտարարության 6-րդ կետն ամրագրում է հետևյալը.
- Արցախը Հայաստանի հետ պետք է կապվի 5 կիլոմետր լայնությամբ Լաչինի միջանցքով,
- Լաչինի միջանցքը պետք է գտնվի ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո,
- Ադրբեջանը պետք է երաշխավորի երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների երթևեկության անվտանգությունը Լաչինի միջանցքով:
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը մեզ լսելուց հետո հայտնեց, որ առաջիկա օրերին հանդիպումներ է ունենալու ադրբեջանական կողմի հետ և հարցին կկարողանա անդրադառնալ ու տեղեկություններ փոխանցել շաբաթվա վերջում:
Դիմում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, իշխանություններին` ձեռնարկե՛ք բոլոր քայլերը, քաղաքական և դիվանագիտական բոլոր հնարավոր միջոցները Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունն ապահովելու, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու, Եռակողմ հայտարարության դրույթների կատարումն ապահովելու ուղղությամբ:
Դիմում եմ միջազգային հանրությանը` ապահովե՛ք ձեր իսկ կողմից վճռված` Արցախը Հայաստանին կապող միջանցքի ապաարգելափակման Ադրբեջանի պարտավորության կատարումը: Ձեր անգործության կամ պասիվության հետևանքը Արցախի բնակիչների ամենօրյա տառապանքներն են:
Դիմում եմ աշխարհասփյուռ հայությանը` դեմքով շրջվե՛ք դեպի Արցախը, տեսեք այն մարդկանց, ովքեր տառապանքների գնով պահում են հայկական Արցախը»,- գրել է Ներսիսյանը:
Կարծիքներ