ՄԻՊ-ը տեսակցել է հավաքի վայրում վնասվածքներ ստացած անձանց
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն այս պահին գտնվում են «Հերացի» համալսարանական հիվանդանոցում՝ հավաքի վայրում վնասվածքներ ստացած անձանց տեսակցելու և նրանց առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Մարդու իրավունքների պաշտպանը նաև դատապարտում է Երևանի Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի մոտ, բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումը և հորդորում իրավասու մարմինների ներկայացուցիչներին և հավաքի մասնակիցներին խստորեն պահպանել օրենսդրությամբ սահմանված պահանջները, ինչպես նաև զերծ մնալ հավաքի խաղաղ բնույթը ձևախեղող ցանկացած գործողությունից:
«Անթույլատրելի է որևէ պարագայում իրավասու մարմինների կողմից անհամաչափ ուժի գործադրումը։ Պաշտպանը կրկին հիշեցնում է, որ ուժի կիրառումը հնարավոր է բացառապես օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում` համաչափությանը վերաբերելի չափանիշների պահպանմամբ։ Միևնույն ժամանակ, հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, իրենց հերթին, կրում են հավաքի խաղաղ ընթացքը ապահովելու պարտականություն, և պետք է ցուցաբերեն զսպվածություն ու պահպանեն օրենսդրությամբ սահմանված պահանջները»,- ասված է հաղորդագրությունում։
Կարծիքներ