Բոլոր հնարավորությունները ստեղծված են Ուկրաինային սահմանակից երկրների միջոցով ՀՀ վերադառնալու համար. Աղաջանյան
ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը վստահեցնում է, որ Ուկրաինայում գտնվող ՀՀ բոլոր քաղաքացիների համար ստեղծված են բոլոր հնարավորությունները՝ Ուկրաինայի հետ սահմանակից պետությունների միջոցով Հայաստան վերադառնալու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Էդուարդ Աղաջանյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում:
«Ես կապի մեջ եմ Ուկրաինայում Հայաստանի դեսպանի հետ, մեր դեսպանությունն ակտիվորեն աշխատում է մեր համայնքի ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջիններիս անվտանգությունն ապահովի: Դեսպանության օգնությամբ Ուկրաինայի ներսում հայ համայնքի ներկայացուցիչները մի տեղից այլ տեղ տեղափոխվել են»,-ասաց Աղաջանյանը:
Հայաստանի դեսպանությունն այս պահին տեղափոխվել է Լվով, քանի որ Կիևը ռազմական գործողությունների կետերից մեկն է:
«Մեր համայնքի ցանկացած ներկայացուցչի համար, որը ցանկություն ունի լքել տարածքը, բոլոր հնարավորությունները ստեղծված են արևմտյան կողմից Ուկրաինայի հետ սահմանակից պետությունների միջոցով Հայաստան վերադառնալու համար: Եվ Ուկրաինայում մեր դեսպանությունն ամեն ինչ անում է, որ այդ գործընթացը առավել հեշտ տեղի ունենա»,-ասաց պատգամավորը:
Իսկ ինչ վերաբերում է այն մարդկանց, որոնք հանդիսանում են Ուկրաինայի քաղաքացիներ, բայց հայազգի են, չունեն Հայաստանի անձնագիր, Աղաջանյանը նշեց, որ հնարավոր չէ նրանց տվյալները հստակ ունենալ, հնարավոր է ունենալ Ուկրաինայում բնակվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ հստակ տվյալներ:
Նա վստահեցրեց, որ ՀՀ բոլոր քաղաքացիների հետ կապված հարցերն ու ընթացիկ խնդիրները համակարգվում և լուծվում են ՀՀ դեսպանության միջոցով. Հայաստանում բոլոր պայմանները կան, որպեսզի այն քաղաքացիներին, որոնք այս կամ այն կերպ այդ գործընթացի արդյունքում տուժել են, համապատասխան օգնություն տրամադրվի:
Կարծիքներ