Նախագահի աշխատակազմը տնտեսել և պետբյուջե է վերադարձրել 183 մլն դրամ

Նախագահի աշխատակազմը տնտեսել և պետբյուջե է վերադարձրել 183 մլն դրամ

 Նախագահի աշխատակազմը նախորդ տարի 183 մլն դրամ վերադարձել է պետբյուջե, որից 119 մլն դրամն ուղղվել է Արցախի պատերազմի և համավարակի հետևանքների հաղթահարման համար կառավարության կողմից իրականացվող միջոցառումներին:

Այս մասին ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշետվության նախնական քննարկմանը:

«2020-ին նախագահի աշխատակազմի՝ հանրապետության նախագահի լիազորությունների իրականացման ապահովման ծրագրով տարեկան պլանը հաստատվել է 1 մլրդ 575 մլն 884 հազար դրամ»,-ասաց Տարասյանը:

Անդրադառնալով նրան, թե համավարակի և պատերազմի ընթացքում առաջացած խնդիրների լուծմանն ուղղված ի՞նչ է արել նախագահի աշխատակազմը՝ աշխատակազմի ղեկավարն ասաց. «183 մլն դրամ վերադարձրել է պետբյուջե, որից 119 մլն դրամն ուղղվել է Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի և համավարակի հետևանքների հաղթահարման համար կառավարության կողմից իրականացվող միջոցառումների վրա: 64 մլն 774 հազար դրամ՝ ռեսուրսների օպտիմալ օգտագործման արդյունքում, խնայվել և ուղղվել է պետբյուջե»:

Նա տնտեսումները հիմնականում պայմանավորեց արևային ֆոտովոլտային կայանի տեղադրմամբ, տրանսպորտային միջոցների մոնիթորինգի էլեկտրոնային համակարգի ներդրմամբ, տարատեսակ միջոցառումներով, որոնք ուղղված են եղել ռեսուրսների օպտիմալ օգտագործմանը: Հիմնական տնտեսումները եղել են էներգետիկ, կոմունալ կապի, գրասենյակային, տրանսպորտային և կենցաղային նյութերի, ինչպես նաև արտասահմանյան գործողումների ծախսերի ուղղություններով:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում