Իրանն ասում է, որ թույլ չի տա որևէ երկրի ոտնձգություն կատարել իր ազգային անվտանգության դեմ

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնայի հետ, կողմերը քննարկել են Իսլամական Հանրապետությունում տիրող անկարգությունները։ Այս մասին ասվում է չորեքշաբթի օրը Իրանի ԱԳՆ Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Աբդոլլահյանը զրույցի ընթացքում ընդգծել է, որ Իրանը «թույլ չի տա որևէ երկրի ոտնձգություն կատարել իր ազգային անվտանգության դեմ»։ Նախարարի խոսքով, «Իսլամական Հանրապետության սահմանադրությունը սահմանում է խաղաղ բողոքի ակցիան որպես ժողովրդի իրավունք», սակայն այդ իրավունքը պետք է դիտարկել առանձին «ապստամբների և ահաբեկիչների» գործունեությունից, որոնք «ուղղված են Իրանի անվտանգությանը, կյանքին»:
Աբդոլլահյանը քննադատել է Արևմուտքի կողմից կիրառվող երկակի ստանդարտները Իրանում անկարգությունների գնահատման հարցում։ «Զարմանալի է, որ Եվրոպայում անկարգությունների վերահսկումը համարվում է ընդունելի պրակտիկա, մինչդեռ Իրանում նույնը համարվում է ռեպրեսիա»,- ասաց նա։
Կարծիքներ