Արտակ Բեգլարյանը մասնակցնել է «Հետպատերազմյան սինդրոմներ» աշխատաժողովին
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է.
«Արցախի մայր բուհում այսօր մասնակցել եմ «Հետպատերազմյան սինդրոմներ» աշխատաժողովին: Արցախի պետական համալսարանի, Երևանի պետական համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի, Պաշտպանության բանակի ու Արցախի մի խումբ հոգեբանների հետ համատեղ շարադրվել է հետպատերազմյան Արցախի հոգեբանական վերականգնման դեղատոմսը:
Չհաղթահարած 90-ականների պատերազմի խնդիրները՝ վերջին պատերազմի սինդրոմներով պետք է զբաղվել՝ հաշվի առնելով նաև նախորդ տարիների դասերը: ԱՀ կառավարության համար առաջնային է լուծումներ փնտրել այն ուղղությամբ, թե ինչ մեխանիզմներ կիրառել և ինչ մասնագիտական կարողություններ զարգացնել, որպեսզի առաջիկայում համակարգային գործիքներով հնարավորինս արագ ու արդյունավետ լուծումներ տանք հետպատերազմյան հոգեբանական խնդիրներին:
Միայն հոգեբանի աշխատանքը ներկա իրողություններում բավարար չէ. կարևորում եմ ընդհանուր սոցիալ-հոգեբանական ծառայությունների մատուցումը: Եվ մասնագիտական քննարկումն էլ վերահաստատել է, որ սոցիալական աշխատողի և հոգեբանի աշխատանքը բավականին համաձուլված, ներդաշնակ պիտի լինի: Այդ ուղղությամբ որոշակի ծրագրեր հաջողությամբ կյանքի են կոչվել և առաջիկայում սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման առումով զգալի արդյունքներ կունենանք:
Մեր հասարակության հոգեբանական վիճակով է պայմանավորված մեր հետագա զարգացման դինամիկան: Այս ճշմարտության գիտակցմամբ՝ համագործակցության և ինտենսիվ աշխատանքի կոչ եմ անում ոլորտի առաջատար մասնագետներին: ԱՀ կառավարությունը բաց է ու ակնկալում է որակական նոր մակարդակի համագործակցություն՝ ի շահ Արցախի քաղաքացիների հոգեկան առողջության վերականգնման և պահպանման»:
Կարծիքներ