Մարզերում եկամտահարկի վերադարձի համակարգը սահմանափակող նախագիծը հետաձգվեց մինչև 2 ամսով

Մարզերում եկամտահարկի վերադարձի համակարգը սահմանափակող նախագիծը հետաձգվեց մինչև 2 ամսով

Հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումները վերաբերում են տնտեսվարողների կամ ֆիզիկական անձանց կողմից բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում հիպոտեկային վարկի սպասարկման տոկոսները եկամտային հարկից վերադարձնելու համակարգի վերանայմանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 3-ի նիստում ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը:

Առաջարկվող լրացման նպատակն է զարգացնել մարզային քաղաքաշինական և տնտեսական ակտիվությունը: Նախագծով 2027 թվականի հունվարի 1-ից եկամտահարկի վերադարձն առաջարկվում է հանել մայրաքաղաքին հարակից Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում ձեռք բերված, կառուցված կամ կառուցվող անշարժ գույքերի դեպքում, իսկ մյուս մարզերում` 2029 թվականի հունվարի 1-ից:

Ըստ փոխնախարարի` համակարգի կիրառելիությունը կնպաստի պետական բյուջեից տրամադրվող եկամտային հարկի գումարների ծավալի ավելացմանը և քաղաքաշինական ներդրումային ծրագրերի խրախուսման մեծացմանը: Արման Պողոսյանը շեշտել է, որ նախագիծը չունի որևէ հետադարձության նորմ, և բոլոր այն քաղաքացիները, որոնք մաս կկազմեն այս համակարգում, նրանց վրա որևէ խստացում չի իրականացվի:

Այս նախագծով առաջարկվում է ևս մեկ փոփոխություն. 2025 թվականի հունվարի 1-ից հետո կնքվող պայմանագրերի մասով եռամսյակի համար վերադարձվող առավելագույն սահմանաչափը նախկին 1,5 մլն ՀՀ դրամի փոխարեն նվազեցվում է` դառնալով 750.000 ՀՀ դրամ:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ  Քաղաքաշինության և Կադաստրի կոմիտեների իրենց գործընկերների հետ նախագծի շուրջ առաջ եկած մի շարք հարցերին և խնդիրներին առավել ճշգրիտ լուծումներ տալու համար նպատակահարմար է հարցի քվեարկությունը հետաձգել 2 ամիս ժամկետով:

Հիմնական զեկուցողի համար առաջարկն ընդունելի է եղել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում