Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 17 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է. դատախազություն
Գլխավոր դատախազությունից հիշեցնում են՝ դատախազը 2024 թվականի ապրիլի 3-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել ՍՊ ընկերության տնօրեն Հ.Ա.-ի նկատմամբ՝ առանց ընդերքն օգտագործելու թույլտվության, Արարատի մարզի Մասիս համայնքի Սայաթ-Նովա բնակավայրում գտնվող տարբեր հողատարածքներում` պետական սեփականություն հանդիսացող ավազ արդյունահանելու համար:
«Քրեական վարույթով պարզվել է, որ ընկերության տնօրեն Հ.Ա.-ն, 2023 թվականի հուլիսից մինչև 2024 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում, խախտել է ընդերքի պահպանման և օգտագործման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները:
Մասնավորապես՝ Հ.Ա.-ն, առանց ընդերքօգտագործման իրավունքի, հատուկ տեխնիկայի օգտագործմամբ, արդյունահանել է պետական սեփականություն հանդիսացող օգտակար հանածո՝ ընդհանուր 2800 խմ ծավալի ավազ՝ փչացնելով 12.018 քմ հողատարածք:
Վերոնշյալ արարքի հետևանքով՝ պետությանը և համայնքին պատճառվել է 17 մլն 282 հազար 417 դրամի վնաս, որը 2024 թվականի ապրիլի 3-ին ընկերության կողմից ամբողջությամբ վերականգնվել է:
Քրեական վարույթով նախաքննությունն ընթացքի մեջ է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ