Գողացած փեթակներից մեկը գողություն կատարած երիտասարդը 50.000 դրամով հորն է վաճառել

Գողացած փեթակներից մեկը գողություն կատարած երիտասարդը 50.000 դրամով հորն է վաճառել

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները ստացած օպերատիվ տեղեկություններ են իրացրել օգոստոսի 23-ին:

Ժամը 11.30-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնի գործընկերների հետ, գողություն կատարելու կասկածանքով, նրանք ձերբակալել և բաժին են տեղափոխել երկու տղամարդու` Նոր Արմավիր և Ամասիա գյուղերի բնակիչներ, համապատասխանաբար` 31 և 29 տարեկան:

Բացատրական աշխատանքի ու ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հիմնավորվել է, որ օգոստոսի 18-ի լույս 19-ի գիշերը Հուշակերտ գյուղի սկզբնամասում գտնվող այգու տարածքից նրանք գողացել են մեղվի չորս փեթակ, որոնցից երկուսը նույն օրը մեկ այլ ամասիացու «ԳԱԶել» մակնիշի մեքենայով տեղափոխել են Ամասիա և առանց հայտնելու, որ փեթակները գողացված են, 50 հազար դրամով վաճառել են 29-ամյա երիտասարդի մեղվաբուծությամբ զբաղվող հորը:

Մեղվաբույծ հայրն էլ հաջորդ օրը դրանք արտաքնապես ձևափոխել է և մինչ օրս թողել իր տան բակում գտնվող մյուս փեթակների հետ:

Պարզվել է նաև, որ մյուս երկու փեթակները նույն մեքենայով տեղափոխվել են Նոր Արմավիր և թաքցվել տնամերձ հողամասերից մեկում:

31 և 29 տարեկան տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Հետագա միջոցառումների շնորհիվ բոլոր փեթակները հայտնաբերվել են և, որպես իրեղեն ապացույց, ի պահ են հանձնվել օրինական տիրոջը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում