ՄԻՊ-ն այցելել է ձերբակալվածների պահման վայր, առանձնազրույց ունեցել Գայանե Մարտիրոսյանի հետ
Այսօր՝ մայիսի 19-ին, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր, առանձնազրույց ունեցել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայր Ազգուշ (Գայանե) Մարտիրոսյանի հետ:
Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ-ը:
Նրան ուղեկցել են աշխատակազմի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը: Պաշտպանը տեղում ծանոթացել է նրա առողջական վիճակին և բժշկական փաստաթղթերին:
ՄԻՊ ներկայացուցիչները մայիսի 17-ին՝ զոհված զինծառայողների ծնողների ձերբակալությունից անմիջապես հետո, այց էին իրականացրել Ոստիկանության Շենգավիթի բաժին, առանձնազրույց ունեցել նրանց հետ, իսկ հաջորդ օրը՝ մայիսի 18-ին, ՁՊՎ-ում հանդիպել Գայանե Մարտիրոսյանի հետ:
Արձանագրվել էր, որ Գայանե Մարտիրոսյանի մոտ առկա են որոշակի առողջական խնդիրներ և նա հրաժարվել է սննդի ընդունումից։
Այցերի ընթացքում ՁՊՎ-ի վարչակազմի վերաբերմունքի, ինչպես նաև պահման պայմանների վերաբերյալ բողոքներ չեն ներկայացվել։
Իրականացված այցերի շրջանակում պետական մարմինների ու պաշտոնատար անձանց վերաբերյալ ներկայացված բողոքներն արդեն իսկ ամփոփվել են և անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու նպատակով համապատասխան գրություններ են ուղարկվել իրավասու մարմիններին։
Կարծիքներ