Սի Ծինփինը կոչ է արել Գազային նվիրված միջազգային խորհրդաժողով անցկացնել
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կոչ է արել ընդգրկուն խաղաղության խորհրդաժողով անցկացնել՝ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև պատերազմը դադարեցնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Չինաստանի ղեկավարն այս մասին խոսել է Պեկինում Չինաստան-Արաբական երկրներ համագործակցության համաժողովի շրջանակներում։
«Մերձավոր Արևելքը զարգացման լայն հեռանկարներ ունեցող երկիր է, բայց այնտեղ դեռևս մոլեգնում է պատերազմը.... Պատերազմը չի կարող անվերջ շարունակվել, արդարադատությունը չի կարող ընդմիշտ բացակայել, իսկ երկու պետությունների ստեղծմամբ խնդիրը լուծելու հանձնառությունը չի կարելի կամայականորեն խախտել», - նրա խոսքերն է մեջբերում Չինաստանի արտգործնախարարությունը։
Սի Ծինփինի խոսքով` Չինաստանը հաստատուն կերպով աջակցում է 1967 թ. սահմաններում Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով լիակատար ինքնիշխանությամբ անկախ Պաղեստին պետության ստեղծմանը, աջակցում է Պաղեստինի անդամակցությանը ՄԱԿ-ին՝ որպես լիիրավ անդամ, և օժանդակում ավելի ընդգրկուն, հեղինակավոր և արդյունավետ միջազգային խաղաղության խորհրդաժողովի անցկացմանը։
Չինաստանի ղեկավարը հայտնել է, որ ի լրումն 100 մլն յուանի (13,8 մլն դոլար) արտակարգ հումանիտար օգնության, Պեկինը կտրամադրի լրացուցիչ 500 մլն յուանի (68,96 մլն դոլար) օգնություն՝ Գազայի հատվածում ստեղծված մարդասիրական ճգնաժամի հաղթահարման համար։ Բացի այդ, Չինաստանը 3 մլն դոլար կտրամադրի ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությանը՝ Գազայում արտակարգ հումանիտար օգնության համար։
Կարծիքներ