Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. քաղաքագետ
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկից ի վեր Տավուշի մարզում և Հայաստանի այլ բնակավայրերում տեղի ունեցող ակցիաների մղումը ամենևին էլ հայրենասիրությունը չէ, այլ իշխանության հասնելու ձգտումը:
Այս կարծիքին է քաղաքագետ Հարություն Մկրտչյանը, որը, սակայն, համոզված է՝ փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու, ինչպես չեն հասել բազմաթիվ անգամներ, երբ կրկին նույն նպատակով դուրս են եկել փողոց:
«Տեսնում ենք, որ տարբեր խմբեր կան, այդ թվում՝ նախկին իշխանությունների ներկայացուցիչները, «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Իրենց գործողությունները հռչակել են հայրենիքի պաշտպանություն, փրկություն, բայց նախևառաջ թող պատասխանեն՝ Կըզըլ Հաջիլին, Խեյրիմլին երբվանի՞ց դարձավ իրենց հայրենիքը, հատկապես վերը նշվածների համար»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է նա։
Քաղաքագետի խոսքով՝ այս ուժերը փորձում են Հայաստանում ստեղծել անհանդուրժողականության մթնոլորտ, առաջացնել խժդժություններ՝ միայն թե իշխանության հասնեն. «Անգամ ձեռնարկվող գործողություններում ոչ մի բանի առջև կանգ չեն առնի։ Երբ սքեմավոր հոգևորականը կարողանում է մեկ ժամվա ընթացքում երկուսից երեք անգամ Աստծո տաս պատվիրանները ոտնահարել ու խախտել, ամեն ինչ պարզ է դառնում»։
Վերջինս ևս մեկ անգամ պնդում է, որ այս օրերին փողոց դուրս եկած որոշ խմբերի նպատակները Հայաստանի կենսական շահերի հետ կապված չեն, ինչպես նաև՝ Տավուշի և նրա բնակչության:
Քաղաքագետը համոզված է, որ ակցիաների մասնակիցներից յուրաքանչյուրը ունի իր առջև դրված առաջադրանքը, որից մեկը միջպետական ճանապարհները փակելն է:
«Արանք Լավրովի վկաներն են, որովհետև Լարսի փակման մասին սպառնալից խոսում է Լավրովը։ Փորձում են Հայաստանը կտրել Վրաստանի հետ կապից, Իրանի հետ հաղորդակցությունից, այսինքն՝ շրջափակել արտաքին միջավայրից։ Հետևաբար պարզ է, որ ամեն խումբ ունի իր առջև դրված առաջադրանքը, մասնավորապես՝ Ռուսաստանի կողմից։ Նրանք բոլորը սպասարկում են մեկ երկրի կամ գուցե մի քանի երկրների շահերը»,- ասում է զրուցակիցը
Քաղաքագետը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ կատարվող գործողությունները չեն ստանում հասարակության լայն շերտերի աջակցությունը:
«Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում։ Կարծո՞ւմ եք՝ ՀՀ համբերության բաժակը այդքան մեծ է, որ երկար շարունակեն սա։ Ժողովուրդն էլ չի հանդուրժի, իրավապահները ինչ-որ մի պահ կանցնեն աշխատանքի. միջպետական ճանապարհների փակումը որևէ պարագայում արդարացում չունի։ Ինչո՞ւ չեն գալիս Երևան, քանի որ վստահ են՝ այստեղ չունեն աջակցություն, ինչպես՝ Տավուշում»,- նկատում է նա:
Մկրտչյանն ասում է՝ Ադրբեջանի հետ սահմանազատումը բխում է Հայաստանի և նրա բնակչության կենսական շահերից. «Արդեն խոսք կա, որ Հայաստանի ու Ադրբեջանի 16 կմ տարածքը սահմանագծված է։ Սա բխում է հենց ՀՀ-ի և նրա քաղաքացիների կենսական շահերից, առավել ևս՝ Տավուշի: ՀՀ-ն պետք է ունենա սահմանազատում, ու դրա արդյունքում որևէ պարագայում Հայաստանի 29․800-ը չպետք է ոտնահարվի»:
Կարծիքներ