Trump Tower-ի ուժեղացված պահպանությունը կհանեն Բայդենի երդմնակալությունից հետո
Նյու Յորքի Trump Tower երկնաքերի շուրջ, որտեղ տեղակայված են Trump Organization ընկերությունների խմբի գլխավոր գրասենյակները, ուժեղացված պահպանությունը կհանեն Բայդենի երդմնակալությունից հետո: Այս մասին երկուշաբթի հաղորդել է CNN-ը՝ վկայակոչելով Նյու Յորքի ոստիկանության ներկայացուցչին:
Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփի կողմից նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո երկնաքերում ստեղծված կապի կենտրոնը կդադարեցնի աշխատանքը հունվարի 20-ին Ջոզեֆ Բայդենի, որպես ԱՄՆ 46-րդ նախագահ, երդմնակալությունից հետո: Երկնաքերի շուրջ տեղադրված արգելափակոցները կվերացվեն, եւ հարակից փողոցներում կվերսկսվի երթեւեկությունը: Այս բոլոր գործողությունները, ընդգծել է ոստիկանության ներկայացուցիչը, կիրականացվեն Գաղտնի ծառայության հետ համագործակցությամբ, որն ապահովում է ԱՄՆ ներկայիս եւ նախկին նախագահների պաշտպանությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Մանհեթենի կենտրոնական Հինգերորդ պողոտայում գտնվող Trump Tower երկնաքերում 2016թ. տեղակայված էր Թրամփի նախընտրական շտաբը։ Նախագահի պաշտոնում նրա ընտրվելուց հետո շենքը վերցվել էր ուժեղացված պահպանության տակ։
Կարծիքներ