Դեմարկացիա և դելիմիտացիա սկսելու նախապայմաններից մեկն Ադրբեջանի ուժերի դուրս բերումն է ՀՀ ինքնիշխան տարածքից. Թաթիկյան
Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելուց առաջ կարևոր նախապայման է համարում ուժի կիրառման բացառումը, Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական ուժերի դուրս բերումը:
Ըստ «Արմենպրես»-ի, Թաթիկյանը նման տեսակետ է հայտնել «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» կողմից կազմակերպված «Ի՞նչ է հաջորդել Սոչիին, և ի՞նչ է նախորդում Բրյուսելին. հնարավո՞ր է հայ-ադրբեջանական նոր պատերազմ» թեմայով կլոր սեղան-քննարկմանը:
Թաթիկյանը մշակել է 11 սկզբունք՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց սկսելու համար: Նա նշել է դրանցից երկուսը, որոնք պետք է հիմք լինեն գործընթացը սկսելու համար:
«Առաջին՝ ուժի կիրառումը պետք է բացառվի, Ադրբեջանի ուժերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից: Սա պետք է լինի երկու նախապայմաններից մեկը: Երկրորդը՝ Արցախի հակամարտության կարգավորման հարցը պետք է դուրս լինի այս շրջանակից, այն պետք է շարունակվի զուգահեռ ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,-ասել է Թաթիկյանը:
Սոչիի հանդիպմանը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Փորձագետը ՌԴ-ի կողմից խորհրդակցական ձայնով այս գործընթացին միանալը համարել է իմաստուն և ողջախոհ որոշում:
Սահմանազատման և սահմանագծման գործընթացի հարցում նա կարևորել է նաև ԵԱՀԿ-ի դերը: Եթե առաջին փուլում մնան չլուծված հարցեր, ապա ըստ նրա՝ Մինսկի խմբին կից կարելի է ստեղծել որևէ ենթախումբ կամ Մինսկի խմբից դուրս ինչ-որ հանձնաժողով՝ հատուկ դելիմիտացիայի, դեմարկացիայի հետ կապված, գործընթացը շարունակել՝ ԵԱՀԿ-ի համապատասխան նորմերի համաձայն: Իսկ եթե այդ երկրորդ փուլում էլ մնան վիճահարույց հարցեր, պետք է գնալ միջազգային դատարան:
Կարծիքներ