Իսպանիան 1 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային

Իսպանիան մտադիր է 1 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 24-ին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողություններ ծավալելու 3-րդ տարելիցի օրը, հայտնել է Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսը։
«Ուկրաինան պետք է հասնի արդար և տևական խաղաղության։ Դրանից են կախված բոլոր եվրոպացիների՝ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց ազատությունը, անվտանգությունը և ապագան։ Այդ պատճառով ես հենց նոր Կիևում հայտարարեցի, որ Իսպանիան 1 միլիարդ եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կուղարկի ուկրաինացի ժողովրդին», - գրել է նա X սոցցանցում։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ «միայն դիվանագիտությունը բավարար չէ. այն անհրաժեշտ է համատեղել ուժի և միասնության հետ»։
Կիևում փետրվարի 24-ին անցկացվում է «Աջակցել Ուկրաինային» գագաթնաժողովը, որին ինչպես անձամբ, այնպես էլ տեսակապով միացել են տարբեր երկրների և կառույցների բազմաթիվ ղեկավարներ։
Կարծիքներ