Էներգետիկա, բժշկություն, տուրիզմ. ՀՀ-ի ու Տաջիկստանի արտգործանախարարները մատնանշել են փոխշահավետ ուղղությունները

Էներգետիկա, բժշկություն, տուրիզմ. ՀՀ-ի ու Տաջիկստանի արտգործանախարարները մատնանշել են փոխշահավետ ուղղությունները

Մոսկվայում կայացած ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ապրիլի 3-ին ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը հանդիպել է Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ։ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ նախարարներ Այվազյանը և Մուխրիդդինը մտքեր փոխանակեցին ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցերի շուրջ: Այդ համատեքստում զրուցակիցներն ընդգծեցին հայ-տաջիկական քաղաքական երկխոսության խթանման կարևորությունը, մասնավորապես` բարձր մակարդակով շփումների ակտիվացման և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման միջոցով:

Երկկողմ փոխգործակցության փոխշահավետ ուղղությունների շարքում նշվեցին առևտրատնտեսական, էներգետիկայի, բժշկության, գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ինչպես նաև մշակութային-հումանիտար ոլորտները:

Հայաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարներն անդրադարձան նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն ու խաղաղությանն առնչվող մի շարք հարցերի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահության առաջնայնությունների իրականացման և կառույցի շրջանակներում նախատեսված միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին:

Հանդիպման ավարտին նախարարներ Այվազյանը և Մուխրիդդինը ստորագրեցին արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև  խորհրդատվությունների երկամյա ծրագիրը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում