Ադրբեջանը հրաժարվել է Ռուսաստանում կայանալիք «Կովկաս 2020» զորավարժություններին մասնակցելուց
Ադրբեջանը չի մասնակցի սեպտեմբերին Ռուսաստանում կայանալիք «Կովկաս 2020» զորավարժություններին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տեղեկացրել էր, որ Շանհայի համագործակցության կազմակերպության, ԱՊՀ և ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարները պայմանավորվել են ընդլայնել ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող համագործակցությունը: Սպասվում է, որ համատեղ առաջին զորավարժությունները կանցկացվեն «Կովկաս 2020»-ի շրջանակում: Թե ինչ ձևաչափով են դրանք անցկացվելու, դեռևս չի հստակեցվում:
«Ադրբեջանցի զինծառայողները չեն մասնակցի այս տարվա սեպտեմբերին Ռուսաստանում կայանալիք «Կովկաս 2020» զորավարժություններին: Վերը նշված զորավարժություններին ծրագրվում է ուղարկել երկու զինծառայող` որպես դիտորդ»,-տեղեկացրել է գործակալությանը Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ, կորոնավիրուսի ռիսկերից ելնելով, զորավարժություններին մասնակցությունից հրաժարվել էր Հնդկաստանը:
«Կովկաս 2020» հրամանատարաշտաբային զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերին` Ռուսաստանի հարավում: Ավելի վաղ ծրագրվում էր, որ դրանց մասնակցություն կունենան մի քանի երկրների զորամիավորումներ, այդ թվում` Իրանից, Մյանմայից և Պակիստանից:
Կարծիքներ