Չինաստանի իշխանությունները կարաոկեներում արգելվող երգերի սեւ ցուցակ են կազմել

Չինաստանի իշխանությունները կարաոկեներում արգելվող վնասակար բովանդակությամբ երգերի սեւ ցուցակ կստեղծեն, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության հայտարարությունը:
«Նախարարությունը կարաոկեում երաժշտական քոնթենթի կառավարման ժամանակավոր կանոնակարգ է մշակել հիմնական սոցիալիստական արժեքների խթանման եւ երաժշտապարային ոլորտի որակյալ զարգացման համար»,- ասվում է գերատեսչական փաստաթղթում:
Չինաստանի իշխանությունները կարգելեն երգեր կատարել, որոնք խաթարում են երկրի ազգային միասնության, ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության գաղափարը: Կարաոկեների երաժշտական կատալոգից կհանվեն այն երգերը, որոնց բովանդակությունը խախտում է Չինաստանի կրոնական քաղաքականությունը եւ պաշտամունքներ ու սնահավատություններ է սերմանում: Բացի այդ, արգելքը կտարածվի նաեւ անպարկեշտություն, խաղամոլություն, բռնություն եւ թմրանյութերի հետ կապված հանցագործություններ քարոզող երգերի վրա:
Արգելքն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հոկտեմբերի 1-ից:
Կարծիքներ