ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ դեսպանին

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:

ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել ՝ ի շահ հայ-վրացական բարեկամական կապերի զարգացման՝ համոզմունք հայտնելով, որ նա իր ներդրումը կունենա երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում:

Ժաննա Անդրեասյանը դեսպանին է ներկայացրել վերջերս Վրաստան կատարած պաշտոնական այցի մանրամասները՝ շնորհակալություն հայտնելով վրացական կողմին ջերմ ընդունելության համար. «Շատ արդյունավետ այց էր, որի շրջանակում հնարավորություն ունեցանք քննարկելու համագործակցության հեռանկարները ինչպես կրթության, գիտության, այնպես էլ մշակույթի ոլորտներում: Մի շարք նոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին և նոր հուշագրեր ստորագրվեցին, որոնք, վստահ եմ, նպաստելու են բոլոր ուղղություններով մեր համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը»:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ այժմ քննարկվում է մշակույթի օրեր կազմակերպելու ծրագիրը, որի շրջանակում մի շարք հետաքրքիր նախաձեռնություններ են նախատեսվում: Մասնավորապես, քննարկվում է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի վերակառուցված շենքի բացման արարողությունը մշակույթի օրերի շրջանակում կազմակերպելու հնարավորությունը:

Դեսպան Գիորգի Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել՝ հայկական կողմի հետ համագործակցության ամրապնդումն ու զարգացումն իրենց համար մեծ կարևորություն ունեն: Գիորգի Շարվաշիձեն հույս է հայտնել՝ իր գործունեությամբ կկարողանա նպաստել երկու երկրների երիտասարդների միջև ավելի սերտ կապերի ձևավորմանը և փոխճանաչման մակարդակի բարձրացմանը:

Դեսպանը կարևորել է մշակույթի օրերի անցկացումը՝ ընդգծելով, որ համագործակցության հեռանկարներ է տեսնում նաև բարձրագույն կրթության ոլորտում:

«Գիտեմ, որ կրթական բարեփոխումների ակտիվ փուլում եք և աշխատանքներ եք տանում նաև բուհերի միջազգայնացման ուղղությամբ: Սա շատ ողջունելի է, և կարծում եմ՝ ընդլայնում է այս ուղղությամբ համագործակցության հնարավորությունները»,- նշել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը:

Ժաննա Անդրեասյանը, կարևորելով երկու երկրների տարբեր ուսումնական հաստատությունների միջև համագործակցության խորացումը, տեղեկացրել է՝ Վրաստան կատարած այցի շրջանակում համագործակցության երկու հուշագրեր են կնքվել հայկական և վրացական երկու դպրոցների և երկու բուհերի միջև:

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային լեզուների ուսուցման ծրագրին և այս համատեքստում Հայաստանում վրացերենի՝ որպես երրորդ օտար լեզվի ուսուցմանը: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախորդ տարվա սեպտեմբերից հայաստանյան մի քանի դպրոցներում վրացերեն է դասավանդվում, որը երկկողմ համագործակցության նոր հնարավորություններ և համատեղ ծրագրեր է ենթադրում: Անդրադառնալով երիտասարդների միջև կապերի ամրապնդմանը՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է երիտասարդական ֆորումների և ճամբարների անցկացումը:

Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր և պատրաստակամություն հայտնել զարգացնելու կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում