«Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ ոստիկանի կողմից քաղաքացուն հարվածելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

«Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ ոստիկանի կողմից քաղաքացուն հարվածելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Համացանցում տարածվող տեսանյութում դրսևորվող՝ Երևան քաղաքի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ հունիսի 4-ի գիշերը առերևույթ ոստիկանի կողմից քաղաքացուն հարվածելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով)։

Նշվում է, որ նախաքննության ընթացքում կգործադրվեն բոլոր անհրաժեշտ միջոցները դեպքի հանգամանքները պարզելու, միջադեպին մասնակից բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։

Հունիսի 3-ի ուշ երեկոյան Երևանի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել քաղաքացիների և ոստիկանի միջև։ Համացանցում հայտնված կադրերում երևում է, թե ինչպես է կարմիրբերետավոր ոստիկանը հարվածում ու գետնին տապալում քաղաքացուն:

Կադրերում երևում է, որ քաղաքացին հարվածից հետո ուշագնաց է եղել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում