Դատախազությունը չի հաստատել Գասպարյանի գործով մեղադրականը. հակակոռուպցիոն կոմիտեն որոշումն անօրինական է համարում
Կոռուպցիոն հանցագործության համար մեղադրվող Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործը Գլխավոր դատախազությունը համապատասխան ցուցումներով հետ է ուղարկել լրացուցիչ նախաքննության։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են վերջինիս կողմից կոռուպցիոն բնույթի մի շարք չարաշահումներ կատարելու, այդ թվում՝ հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի չափով գույքն օրինականացնելու դեպքեր: Կոմիտեում քրեական գործի նախաքննությունն ավարտվել էր: Գործը՝ մեղադրական եզրակացությամբ, հանձնվել էր հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով դատախազության՝ գործը հետ ուղարկելուն՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից փոխանցեցին, որ իրենք արդեն ստացել են դատախազի որոշումը՝ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը չհաստատելու և այն լրացուցիչ նախաքննության վերադարձնելու վերաբերյալ:
«Դատախազի որոշումը գնահատում ենք որպես անօրինական և չհիմնավորված: Այն անխոս բողոքարկվելու է վերադաս դատախազին, թեպետ առավել քան համոզված ենք, որ դա որևէ արդյունք չի տալու, քանի որ վստահ ենք՝ նման կարևոր գործերով առանցքային որոշումները կայացվում են դատախազական ամենաբարձր մակարդակում, և այս գործը դատարան չուղարկելու որոշումը դատախազության միասնական դիրքորոշումն է»,- հայտնեցին կոմիտեից:
Հայկական ժամանակ
Կարծիքներ