ԱԺ նախագահը Սլովակիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Սլովակիայի Ազգային խորհրդի՝ ԼՂ մասին բանաձևերի ընդունումը
Սեպտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը նշեց, որ Սլովակիան Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից է, և Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Սլովակիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը:
Ալեն Սիմոնյանը վերահաստատեց Սլովակիայի հետ բոլոր բնագավառներում համագործակցելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում նա առանձնակի շեշտեց Հայաստանում 2020թ.-ին բացված Սլովակիայի դեսպանության գործունեությունը՝ քաղաքական երկխոսության շարունակական ապահովման և տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության ուղղությամբ:
Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ օրակարգում բավականին ընդգրկուն է, և 8-րդ գումարման Ազգային ժողովում շուտով կվերաձևավորվի Հայաստան-Սլովակիա պատգամավորական բարեկամական խումբը: Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ խորհրդարանների միջև ակտիվ փոխգործակցությունը պահպանելու և խորացնելու նպատակով Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Բորիս Կոլլարին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստանի Հանրապետություն:
Նա բարձր գնահատեց Սլովակիայի Ազգային խորհրդի կողմից «Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտության վերաբերյալ» և «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ» բանաձևերի ընդունումը: ԱԺ նախագահն ընդգծեց, որ այս պահին առաջնային է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը, որի շուրջ Հայաստանն ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը:
Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար՝ տեղեկացնելով, որ սա իր առաջին այցն է Հայաստան: Նա վերահաստատեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ խաղաղ ճանապարհով լուծումն այլընտրանք չունի:
Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ հյուրը կարևորեց դրանց արդյունքները՝ համոզմունք հայտնելով, որ վերջիններս վերահաստատում են Հայաստանի որդեգրած ժողովրդավարության արժեքները:
Կողմերն անդրադարձան ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում նաև Հայաստան-Սլովակիա համագործակցության խորացման հեռանկարներին:
Հանդիպման ավարտին կարծիքներ փոխանակվեցին համատեղ օրակարգերի մշակման անհրաժեշտության ուղղությամբ:
Կարծիքներ