Ռուս երգչուհի Յուլյա Չիչերինան Արցախում է
Ռուս սիրված ռոք երգչուհի, հեղինակ-կատարող Յուլյա Չիչերինան, որը Հայաստանում մեծ ճանաչում ձեռք բերեց Мой рок-н-ролл, Жара հիթերով, մեկնել է Արցախ: Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է WarGonzo-ի հեղինակ Սեմյոն Պեգովը։ Նա տեղեկացրել է, որ Չիչերինան մեկնում է ղարաբաղյան առաջնագիծ: «Սպասում ենք»,-շեշտել է Պեգովը:
Րոպեներ առաջ Պեգովը հայտնել է, որ չի կարողանում կապ հաստատել երգչուհու հետ` նշելով, որ Չիչերինան հայտնվել է ադրբեջանական ԱԹՍ-ների կրակի տակ: «Մեր զրույցի ժամանակ նա ապահով վայրում էր` բլինդաժում: Մի քանի րոպե առաջ օնլայն էր, բայց հիմա զանգերին չի պատասխանում»,-ընդգծել է Սեմյոն Պեգովը:
«ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում էլ երգչուհու ներկայացուցիչը հաստատել է Չիչերինայի` Արցախում գտնվելու լուրը` նշելով, որ երգչուհին կապի դուրս չի գալիս: «Այո’, նա իսկապես այնտեղ է, բայց ես ավելին ասել չեմ կարող»,-հայտնել է երգչուհու ներկայացուցիչը:
Ավելի վաղ Յուլյա Չիչերինան Telegram-ում լուսանկար է հրապարակել Հանրապետության հրապարակից հետևյալ գրառմամբ. «Բարի գիշեր, Երևան»:
Կարծիքներ