Քննարկվել են Հայաստանում ֆրանկոֆոնիան զարգացնելու տարաբնույթ ծրագրերի իրականացման հնարավորությունները

Քննարկվել են Հայաստանում ֆրանկոֆոնիան զարգացնելու տարաբնույթ ծրագրերի իրականացման հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի նորանշանակ տնօրեն Լոր Կաստենի հետ:

 

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

 

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Լոր Կաստենին Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնում նշանակվելու առիթով:

 

Կարևորելով ֆրանկոֆոնիայի շրջանակում համագործակցության զարգացումը՝ նախարարը նշել է, որ վերջին տարիներին ակտիվացել են երկկողմ ծրագրերն ու նոր նախաձեռնությունները, որոնց առանձնակի նպաստել է նաև աշխատանքային խումբը, որը ստեղծվել է կրթության և մշակույթի ոլորտներում փոխգործակցությունը առավել արդյունավետ կազմակեպելու նպատակով։

 

«Մենք չափազանց կարևորում ենք ֆրանկոֆոնիայի զարգացումը Հայաստանում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ ներկայացնելով աշխատանքային խմբի գործունեությունը:

 

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի խորացված ուսուցմանն ուղղված ծրագրերին, որոնք իրականացվում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ:

 

Նախարարը կարևորել է նաև «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» փորձնական նախաձեռնությունը, որի նպատակն է ստեղծել ֆրանսերենի, որպես օտար լեզվի, ուսուցիչներին վերապատրաստողների խումբ: Նշվել է, որ Հայաստանի 6 համալսարաններ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (ՖՀԳ/AUF) անդամ են:

Լոր Կաստենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել՝ պատրաստակամ է հնչած առաջարկները քննարկելու և դրանց ուղղությամբ համատեղ աշխատելու:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի անցկացմանը։ Առաջարկվել է քննարկել նաև մարզերի երիտասարդական կենտրոններում ֆրանսերենի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հնարավորությունը։

Այս համատեքստում կարևորվել է ուսանողների և երիտասարդների շարժունությունը, այս ուղղությամբ տարբեր նախագծերի իրականացումը, որոնք ենթադրում են փոխանակման ծրագրերի, համատեղ հետազոտությունների և այլ աշխատանքների իրականացում։

Հանդիպմանը քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում