Հայտարարում եմ, որ Կարեն Բեքարյանը երբևէ որևէ ֆեյսբուքյան ֆեյքի հետ որևէ առնչություն չի ունեցել. փաստաբան
«Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր, ձերբակալված Կարեն Բեքարյանի պաշտպան Գոռ Միքայելյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը գիշերը մուտքագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
«Հարգելի լրագրողներ, հայտնում եմ, որ իմ վստահորդ Կարեն Բեքարյանը ներկայումս ձերբակալված է արդեն բոլորին հայտնի գործով: Ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը գիշերը մուտքագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Հայտարարում եմ, որ իմ վստահորդ, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանը երբևէ որևէ ֆեյսբուքյան ֆեյքի հետ որևէ առնչություն չի ունեցել, եթե որևէ բան ասելու խնդիր է ունենում, միշտ ասում է սեփական դեմքով՝ առանց թաքնվելու որևէ ֆեյքի հետևում:
Ինչ վերաբերում է նրան վերագրվող արարքների իրավական կողմին, ապա ձերբակալման հիմք հանդիսացած՝ Քրեական օրենսգրքի հոդվածների մի մասն իրավական որոշակիության տեսանկյունից լրջագույն խնդիրներ ունի, ինչի պայմաններում Կարեն Բեքարյանին ազատությունից զրկելն ընդհանրապես հնարավոր չէ»,-ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին եւ «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանին: Նրանք կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով` ազգային թշնամանք տարածելու կոչերի համար, տարբեր շերտերի նկատմամբ թշնամանք հարուցելու, ռազմական դրության ժամանակ տեղեկատվության տարածման կանոնների խախտման համար:
Կարծիքներ