Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Պուտինի, Մեդվեդևի, Լավրովի և Շոյգուի դեմ
Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տվել արտահանման պատժամիջոցների սահմանմանը 49 ռուսական ընկերությունների և կազմակերպությունների, այդ թվում՝ «Ռոսօբորոնէքսպորտի», «Ռոստեկի», ԱԴԾ-ի և Արտաքին հետախուզության ծառայության նկատմամբ։ Այս մասին ասվում է երեքշաբթի Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության տարածած նյութում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Բացի այդ, Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի իշխանությունների և բանկերի ներկայացուցիչների ակտիվները սառեցնելու ավելի վաղ հայտարարված որոշմանը։ Պատժամիջոցների տակ են հայտնվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, ինչպես նաև ՌԴ Կենտրոնական բանկը։
Նաև Ճապոնիայի իշխանություններն արգելք են մտցնում ընդհանուր նշանակության ապրանքների արտահանման վրա, որոնց մատակարարումը կարող է օգնել ամրապնդել Ռուսաստանի Դաշնության ռազմական ներուժը։ Խոսքը, մասնավորապես, կիսահաղորդիչների խմբաքանակների մատակարարման մասին է։
Ինչպես նշում է Yomiuri թերթը, այս տեսակի ճապոնական արտադրանքներից մի քանիսը եզակի են, և, հետևաբար, չեն կարող փոխարինվել այլ երկրներից, այդ թվում՝ Չինաստանից գնումներով:
Փետրվարի 27-ին Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան պաշտոնապես հայտարարել է երկրի՝ ֆինանսական հատվածում Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին միանալու մասին։ Տոկիոն նախկինում արգելել էր գործարքները ռուսական պետական արժեթղթերի հետ Ճապոնիայում, ինչպես նաև հայտարարել էր բարձր տեխնոլոգիական ապրանքների, այդ թվում՝ կիսահաղորդիչների, Ռուսաստան արտահանման սահմանափակումների մասին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Կարծիքներ