Ժաննա Անդրեասյանը Երևանի պարարվեստի պետական քոլեջում ներկա է եղել բալետային ներկայացմանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի պարարվեստի պետական քոլեջում ներկա է եղել Վիլեն Գալստյանի անվան պարարվեստի թատրոնի բացման արարողությանը:
Միջոցառմանը մասնակցել է նաև քոլեջի կառավարման խորհրդի նախագահ, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը:
Նախարարը և հյուրերը վերանորոգված դահլիճի բեմում դիտել են Մինկուսի «Պախիտա» բալետի առաջնախաղը Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաների կատարմամբ: Բալետի բեմադրությունն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Քոլեջի տնօրեն Դավիթ Գալստյանը նախարարին ներկայացրել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի 100-ամյակի շրջանակում իրականացրած ծրագրերը, քոլեջի շենքային պայմանների բարելավման և վերանորոգման աշխատանքները: Նրա խոսքով՝ վերանորոգվել են ուսումնական թատրոնը, բեմը, մուտքը, թատրոնի տանիքը, հանդերձարանները, պարասրահը, մասնագիտացված բալետային հատակ է տեղադրվել թատրոնի բեմում, իրականացվել են բարեկարգման այլ աշխատանքներ:
Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար և նշել, որ նախարարությունը կշարունակի աջակցել ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին և ծրագրերին:
Միջոցառման շրջանակում ցուցադրվել է նաև Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր, պարուսույց, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի կյանքի և ստեղծագործական ուղու մասին պատմող ֆիլմ:
Կարծիքներ