Ամփոփվել է «Ես նկարում եմ իմ իրավունքները» խորագրով գեղանկարչական մրցույթը

Ամփոփվել է «Ես նկարում եմ իմ իրավունքները» խորագրով գեղանկարչական մրցույթը

Գեղագիտության ազգային կենտրոնում տեղի են ունեցել «Ես նկարում եմ իմ իրավունքները» խորագրով գեղանկարչական մրցույթի մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսն ու հաղթողների պարգևատրման արարողությունը:

 

Եվրոպայի խորհրդի հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության, Եվրոպայի խորհրդի ու Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի համագործակցությամբ իրականացվել է «Ես նկարում եմ իմ իրավունքները» խորագրով գեղանկարչական մրցույթը՝ հանրապետության 10-14 տարեկան երեխաների շրջանում:

 

Մրցույթ-ցուցահանդեսին ներկա էին և ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը և Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը: Ներկայացվել է նաև Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի ողջույնի խոսքը մրցույթի մասնակիցներին:

 

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ողջունելով մրցույթի մասնակիցներին, կազմակերպիչներին և գործընկերներին, նշել է, որ աշխատանքի բերումով ներկա է լինում բազմաթիվ ցուցահանդեսների, սակայն այս մրցույթում երեխաների նկարչական աշխատանքները մեծ տպավորություն են թողնում:

 

«Մրցույթի ընթացքում ներկայացված աշխատանքները ևս մեկ անգամ փաստում են, որ նոր սերունդը գիտակից է և ունի բավականին լավ պատկերացում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված այնպիսի հիմնարար իրավունքների մասին, ինչպիսիք են՝ բռնությունից զերծ կյանքը, ազատությունը, սեփական կամքը, կարծիքն ու համոզմունքներն արտահայտելու իրավունքը, կրթության իրավունքը, անձնական, ընտանեկան կյանքի իրավունքը: Մրցույթի բոլոր մասնակիցների աշխատանքները և՛ թեմատիկ, և՛ կատարողական ոճի առումով շատ հետաքրքիր են ու հաջողված, իսկ լավագույն աշխատանքներն արժանացել են բարձր գնահատականի: Ստեղծագործություններն այնքան հետաքրքիր և արժեքավոր են, որ դրանք պետք է շարունակեն ցուցադրվել և ունենալ լայն հասանելիություն: Կրկին շնորհավորում եմ մրցույթի բոլոր մասնակիցներին և մաղթում հաջողություն ձեր հետագա ստեղծագործական կյանքում»,- նշել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

 

Նա շնորհակալություն է հայտնել միջոցառման բոլոր կազմակերպիչներին, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի և Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի ղեկավարությանը՝ ցուցաբերած աջակցության և մրցույթը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

 

Նշենք, որ 10-14 տարեկան երեխաների շրջանում անցկացված մրցույթին կազմակերպիչները ստացել են ավելի քան 170 աշխատանքներ. ցուցահանդեսին ներկայացված էր 36 գեղանկարչական աշխատանք, որոնցից էլ ընտրվել են հաղթողները:

 

«Ես նկարում եմ իմ իրավունքները» խորագրով գեղանկարչական մրցույթում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ռոբերտ Ղասումյանը (ք. Երևան), երկրորդ հորիզոնականը՝ Ֆլորա Գալստյանը (ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան), երրորդ հորիզոնականը՝ Լաուրա Կլեկչյանը (ք. Երևան):

 

Հանձնաժողովի համակրանք մրցանակին արժանացել են Մելինե Մելիքյանը (ՀՀ Գեղարքունիքի մարզ, Ներքին Գետաշեն), Բաբիկ Պողոսյանը (ՀՀ Գեղարքունիքի մարզ, Ներքին Գետաշեն), Մարիա Մնացականյանը (ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի), Մարիա Անդրեասյանը (ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան), Նարե Նավասարդյանը (ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի), Անուշիկ Պողոսյան (ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում