ԱՄՆ-ն թույլ չի տա, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը վերաճի երրորդ համաշխարհային պատերազմի. Թրամփ

ԱՄՆ-ն թույլ չի տա, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը վերաճի երրորդ համաշխարհային պատերազմի. Թրամփ

ԱՄՆ վարչակազմն իր առաջնահերթություններից մեկն է համարում թույլ չտալ, որ Ուկրաինայի շուրջ ընթացիկ ճգնաժամը վերաճի երրորդ համաշխարհային պատերազմի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Կարծում եմ, որ Էմանուելը համաձայն է ինձ հետ առավել կարևոր շատ հարցերում: Դրանցից գլխավորն այն է, որ այժմ ամենահարմար ժամանակն է: Սա կարող է լինել միակ ժամանակը: Դուք գիտեք, որ դա շատ հետաքրքրական և սարսափելի իրադրություն է, որը կարող է վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի: Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա», - ասել է Թրամփը՝ մեկնաբանելով իրավիճակն Ուկրաինայում:

ԱՄՆ նախագահը նաև ողջունել է Ֆրանսիայի դիրքորոշումը, որի համաձայն Եվրոպայի երկրները պետք է առաջատար դեր ստանձնեն Ուկրաինայի երկարաժամկետ անվտանգության ապահովման գործում։ 

«Ինձ ուրախացնում է, որ նախագահ Մակրոնը համաձայն է այն բանի հետ, որ խաղաղության ապահովման գինը և բեռը պետք է կիսեն Եվրոպայի երկրները, այլ ոչ միայն Միացյալ Նահանգները, ինչպես նաև այն բանի հետ, որ Եվրոպան պետք է առաջնորդի դեր ստանձնի Ուկրաինայի երկարաժամկետ անվտանգության ապահովման հարցում, ինչն էլ նա  ցանկանում է: Դա շատ մեծ քայլ չէ: Մեծ քայլը կլինի այն, ինչը տեղի կունենա առաջիկա մի քանի շաբաթներին», - հայտարարել է ԱՄՆ նախագահը: 

Միևնույն ժամանակ նա տարօրինակ է համարել այն հարցը, թե Միացյալ Նահանգները պատրա՞ստ է արդյոք մասնակցելու Ուկրաինայի վերականգնմանը։

«Դե, կարծում եմ, որ դա փոքր-ինչ տարօրինակ հարց է, որովհետև դուք հարցրեցիք, թե մենք պատրաստվո՞ւմ ենք արդյոք Միացյալ Նահանգների անունից ավանդ ներդնել Ուկրաինայի (վերականգնման) գործում: Չէ՞ որ մենք մոտ 350 միլիարդ դոլար ենք ուղարկել այնտեղ, և ես գտնում եմ, որ դա բավականին մեծ ներդրում է», - ասել է ԱՄՆ ղեկավարը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում