Աշխարհն ավերիչ պայթյունից հետո աջակցություն եւ ցավակցություն է հայտնում Լիբանանին
Լիբանանի մերձավոր դաշնակիցները եւ ավանդական հակառակորդները ցավակցություն են հայտնել եւ օգնություն են առաջարկել երկրին՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:
Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը կոչ է արել «բարեկամ երկրներին» աջակցել մի երկրի, որտեղ արդեն տասնամյակների ընթացքում վատթարագույն տնտեսական ճգնաժամ է, ինչպես նաեւ՝ կորոնավիրուսի համավարակ:
Պարսից ծոցի երկրները առաջիններից են արձագանքել: Կատարը խոստացել է ուղարկել դաշտային հիվանդանոցներ՝ բժշկական օգնություն ցուցաբերելու համար:
Կատարի կառավարիչ էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ-Թանին վիրավորներին մաղթել է «արագ ապաքինում», իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ եւ Դուբայի տիրակալ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ-Մակտումը ցավակցություն է հայտնել «սիրելի լիբանանյան ժողովրդին»: Քուվեյթն ասել է, որ նույնպես բժշկական օգնություն կուղարկի:
Եգիպտոսը «խորը անհանգստություն» է հայտնել, իսկ Արաբական լիգայի ղեկավար Ահմեդ Աբուլգեյթը ցավակցություն է հայտնել՝ ընդգծելով «պայթյունի մասին ճշմարտությունը պարզելու կարեւորությունը»:
Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին հայտարարել է, որ Ամանը պատրաստ է ցուցաբերել ցանկացած օգնություն, որի կարիքն ունի Լիբանանը։ Իրանը նաեւ հայտնել է, որ «պատրաստ է օգնություն ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ եղանակով»: «Մեր մտքերն ու աղոթքները Լիբանանի մեծ ու տոկուն ժողովրդի հետ են»,- գրել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Հարեւան Իսրայելը նաեւ մարդասիրական օգնություն է առաջարկել Լիբանանին, որի հետ նա դեռ տեխնիկական պատերազմի մեջ է գտնվում:
«Պաշտպանության նախարար Բեննի Հանցը եւ արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազին Իսրայելի պետության անունից Լիբանանի կառավարությանը միջազգային միջնորդների միջոցով բժշկական եւ մարդասիրական օգնություն, ինչպես նաեւ անհապաղ արտակարգ օգնություն են առաջարկել»,- ասվում է հայտարարության մեջ:
Տարածաշրջանի սահմաններից դուրս նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Ռուսաստանը կիսում է լիբանանյան ժողովրդի վիշտը»:
Վաշինգտոնը օգնություն տրամադրելու պատրաստակամություն է հայտնել։ «Մենք խորին ցավակցություն ենք հայտնում բոլոր տուժածներին եւ պատրաստ ենք ցանկացած օգնություն ցուցաբերել»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ երկիրը «պատրաստ է օգնություն ցուցաբերել՝ լիբանանյան իշխանությունների կարիքներին համապատասխան»:
Ցավակցության եւ զորակցության խոսքեր է հայտնել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին եւ արագ ապաքինում ցանկանում տուժածներին: Մենք համերաշխություն եւ աջակցություն ենք հայտնում Լիբանանի եղբայրական ժողովրդին»,- Twitter- ում գրել է Փաշինյանը:
Նշենք, որ վերջին տվյալներով՝ պայթյունի հետեւանքով մահացել է 60 մարդ, վիրավորվել է ավելի քան 2700 մարդ, երկրի իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է աճել: Որոշ մարդիկ դեռ մնում են շենքերի փլատակների տակ:
Լիբանանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ Բեյրութի նավահանգստում ամոնիումի նիտրատ է պայթել: Ըստ որոշ տեղեկությունների՝ պահեստում տեղի է ունեցել կարճ միացում, որը հրդեհ է առաջացրել, որի հետեւանքով էլ նիտրատը պայթել է:
Կարծիքներ