Ավստրալիայում խստացնում են պատիժը ինքնամեկուսացման խախտման համար

Ավստրալիայում խստացնում են պատիժը ինքնամեկուսացման խախտման համար

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսի հետեւանքով ինքնամեկուսացման ռեժիմը խախտողների համար նոր պատիժների մասին: Այժմ կարգը խախտողներին բռնելու դեպքում կարող են տեղում 5000 ավստրալական դոլարի (մոտ 3500 ԱՄՆ դոլար) տուգանք նշանակել։ Այդ նպատակով 500 զինվորականներ են ուղարկվել նահանգի փողոցներ, հայտնում է BBC-ն:

Վիկտորիայի բնակիչների գրեթե մեկ երրորդը, որին հանձնարարվել է տանը մնալ, ինքնամեկուսացման մեջ չի եղել այն պահին, երբ զանգել են պատահական ստուգելու համար, ասել է կառավարության ղեկավար Դենիել Էնդրյուսը:

Նահանգի ոստիկանությունը բողոքել է ագրեսիայի բազմաթիվ դեպքերից եւ անգամ բռնությունից այն մարդկանց կողմից, ովքեր հրաժարվում են հետեւել կանոններին եւ իրենց անուններն ու հասցեները թողնել շփումներին հետեւելու ծրագրի համար: Դեպքերից մեկում խանութի այցելուն, որը դիմակով չի եղել, հարձակվել է իրեն մոտեցած կին ոստիկանի վրա եւ սկսել է նրա գլուխը հարվածել ասֆալտին:

Ավստրալիայում ամբողջ համավարակի ժամանակ գրանցվել է վարակման 18 300 դեպք, որոնց կեսից ավելին՝ միայն վերջին մեկ ամսում Վիկտորիա քաղաքում: Վիկտորիա նահանգը եւ նրա մայրաքաղաք Մելբուռնը համարվում են երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիքի հիմնական օջախը:

Երեքշաբթի Վիկտորիա քաղաքում գրանցվել է վարակման 439, մահվան՝ 11 դեպք:

Մելբուռնում կիրակի օրը մտցվել է կարանտինի վեցշաբաթյա խիստ ռեժիմ՝ կորոնավիրուսի նոր դեպքերի կտրուկ աճի պատճառով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում