Հայկական տեխնոընկերությունները՝ ExpoElectronica միջազգային ցուցահանդեսին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ հայկական ոլորտային 9 ընկերություններ կմասնակցեն «ExpoElectronica» 23-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսին:
Միջոցառումը տեղի կունենա ապրիլի 13-15-ը Մոսկվայում, որտեղ կներկայացվեն Էլեկտրոնային բաղադրիչների, մոդուլների և բաղադրիչ մասերի ցուցանմուշներ:
Ցուցահանդեսը ստեղծում է հեռանկարային հնարավորություններ մասնակից ընկերությունների համար՝ ծանոթանալու ոլորտի զարգացումներին և շուկային, ձեռք բերելու նոր գործընկերներ և ձևավորելու համագործակցություններ, ինչպես նաև ներկայացնելու հայկական արտադրանքը, Հայաստան բերելու ներդրումներ։
«ExpoElectronica» 23-րդ ամենամյա ցուցահանդեսն ունի հագեցած օրակարգ. 3 օրվա ընթացքում կկազմակերպվեն տարաբնույթ միջոցառումներ՝ թեմատիկ համաժողով, պանելային և բաց քննարկումներ, սեմինարներ:
Այս տարի գործնական ծրագիրը կրում է «Ռուսական էլեկտրոնիկայի արտադրողների ֆորում» խորագիրը և ներառում է ավելի քան 25 խոշոր արդյունաբերական միջոցառումներ, որոնց մասնակցում են ավելի քան 80 բանախոսներ՝ պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև առաջատար ընկերությունների ղեկավարներ:
«ExpoElectronica»-ն Ռուսաստանի Դաշնության ամենախոշոր էլեկտրոնային արդյունաբերության ցուցահանդեսն է, որին այս տարի մասնակցության հայտ են ներկայացրել ընկերություններ 11 երկրներից՝ ՌԴ, Հայաստան, ԱՄՆ, Գերմանիա, Իսրայել, Չինաստան, Բելառուս, Կորեա, Լատվիա, Ֆրանսիա և Թայվան։
Հիշեցնենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հունվարի 18-ից մարտի 18-ը հայտարարել էր ընկերությունների բաց հայտագրում:
Մարտի 19-ի կայացավ գնահատող հանձնաժողովի նիստը, որի արդյունքում ընտրվել են հայկական ոլորտային 9 ընկերություններ, որոնք հանդես կգան «ARMENIA» միասնական տաղավարով:
Կարծիքներ